211652_close_icon
views-count16958 դիտում article-date 12:14 05-01-2022

«Ծխախոտը պետք է տակից վաճառենք». Փաշինյանը՝ հունվարի 1-ից ծխախոտի տուփերի և դրանց գովազդի ցուցադրությունը տեսանելի վայրերում արգելելու մասին

Tert.am-ը գրում է. Հայաստանում 16 տարեկանից բարձր բնակչության 27.9%-ը ծխում է, ծխողների գերակշիռ մասը տղամարդիկ են` 51%-ը, այսինքն յուրաքանչյուր երկրորդ տղամարդը ծխող է և մեր հանձնառությունն է հնարավորինս նպաստել ծխախոտի օգտագործման նվազեցմանը և առողջությանը պատճառված վնասների կանխմանը։ Այս մասին Կառավարության նիստի ժամանակ, անդրադառնալով հունվարի 1-ից ուժի մեջ մտնող հակածխախոտային օրենքին, ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«2020թ-ին ընդունվեց ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը պատճառված վնասի նվազեցման և կանխարգելման մասին օրենքը, որը 2021թ-ին որոշ դրույթներով կիրառվել է։ Ժամանակ է տրվել տնտեսվարողներին իրենց գործունեությունը կազմակերպել այնպես, որպեսզի նվազ վնասներով ունենանք դրույթների կիրառում։ Հունվարի 1-ից ուժի մեջ է մտնում ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների հրապարակային ցուցադրման արգելքը վաճառասրահներում և հանրային սննդի օբյեկտներում, բացառությամբ օդանավակայանի անմաքս առևտրի խանութների։ Ուժի մեջ է մտնում նաև նույն արտադրատեսակների և դրանց մակետների գովազդների ցուցադրությունը։ Նախկինում կրպակներում շատ տեսանելի կերպով տուփերը, մակետները  ցուցադրելու միջոցով ակտիվ գովազդ էր տարվում»։

Նախարարի կարծիքով այս ամենը կնպաստի, որպեսզի գովազդի ազդեցության միջոցով քաղաքացիների, հատկապես երիտասարդների շրջանում ծխախոտի օգատգործման նվազմանը և ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը։

«Հայաստանում տղամարդկանց մոտ քաղցկեղի և սրտանոթային հիվանդությունների տարածվածությունը հուշում է, որ ամեն ինչ պետք է անենք պայքարը հետևողական տանելու առումով։

Տեսանելի վայրերում, վաճառքի կետերում ծխախոտը կամ դրա գովազդը ընդհանրապես տեսանելի չի ինի։

Բոլորս էլ քաջատեղյակ ենք, որ դրանք տեղակայված են լինում խանութի ամենաբանուկ մասում  և այսուհետ այդ հատվածներում ծխախոտի որևէ տուփ պետք է ցուցադրված չլինի։ Կարգավորման վերահսկողությունը իրականացնելու են տեսչական մարմինները, որոնք արդեն տեղեկատվական աշխատանք են իրականացրել տնտեսվարողների  հետ և պետք է  կարճ ժամանակում ականատես լինենք մաքուր և ճիշտ ցուցափեղկերի»,- ասաց Ավանեսյանը։

Անդրադառնալով կարգավորմանը` Փաշինյանը որոշակի դիտարկում արեց` նշելով։

«Եթե ճիշտ եմ հասկանում  ցուցափեղկերի մոտ պետք է չերևան ծխախոտները, եթե խորհրդային ժամանակների բառապաշարով խոսենք` ծխախոտը պետք է տակից վաճառենք։ Ծխախոտի ստենդները դրված են նրա համար, որ մարդը հանկարծ չմոռանա ծխախոտ գնել, հիմա մենք ամեն ինչ անում ենք, որ մարդը մոռանա ծխախոտ գնել, սա է  մեր քաղաքականությունը և խնդրում եմ որևէ մեկը չթերագնահատի ծխախոտի նեգատիվ ազդեցությունը հանրային առողջության վրա»։


   

Նմանատիպ նյութեր