211652_close_icon
views-count5598 դիտում article-date 09:30 21-01-2022

ԼՂ հակամարտության վերսկսման հավանականությունը միջին է, ամերիկյան շահերի վրա ազդեցությունը՝ ցածր. զեկույց․ «Ամերիկայի ձայն»

Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում: Զեկույցի նպատակն է օգնել ամերիկյան վարչակազմին արտաքին քաղաքականության մշակման հարցում: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Այն հակամարտությունները բաժանում է երեք խմբերի կամ ազդեցության շերտերի՝ բարձր, միջին և ցածր առաջնահերթությամբ: Հակամարտությունների կամ իրավիճակների կարևորությունը և ամերիկյան շահերի նկատմամաբ ազդեցությունը որոշվում է հարցումների և հետազոտությունների միջոցով: Ավելի քան 11 հազար ամերիկացի պաշտոնյաներ, արտաքին հարաբերությունների ոլորտի փորձագետներ, վերլուծաբաններ և մասնագետներ պատասխանում են կենտրոնի տրամադրած հարցմանը, որի արդյունքում այս կամ այն հակամարտությունը զբաղեցնում է իր տեղը եռաստիճան սանդղակում:

Հայաստանի ու Ադրբեջանի միջև առկա հակամարտությունը ևս ընդգրկվել է կենտրոնի զեկույցում, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղի և դրա շուրջ հակամարտությունը կարող է վերսկսվել՝ ուղեկցվելով Թուրքիայի ու Ռուսաստանի միջև լարվածությամբ: Զեկույցի գնահատմամբ՝ լարվածության սրացման հավանականությունը միջին է, որը, սակայն, ցածր ազդեցություն ունի ամերիկյան շահերի վրա և չունի մեծ ռազմավարական նշանակություն ԱՄՆ-ի համար:

Իսկ բարձր հավանականություն և ԱՄՆ-ի համար կարևորություն ունեցող հակամարտություններից և իրադրություններից են, ըստ հետազոտության արդյունքների, Աֆղանստանում, Հայիթիում, Լիբանանում և Վենեսուելայում ստեղծված կացությունը, Չինաստանի ու Թայվանի միջև հարաբերությունները, հավանական ընդհարումը Իսրայելի ու Իրանի միջև, Հյուսիսային Կորեայի փորձարկումները, ինչպես նաև ռուս-ուկրաինական սահմանին լարվածությունը և իրավիճակի սրացումը Արևելյան Ուկրաինայում: Բացի այդ, այս խմբի կարևոր զարգացումներից են նաև ամերիկյան ենթակառուցածքների դեմ ուղղված կիբեռ հարձակումները:

Միջին ազդեցություն, հավանականություն ու կարևորություն ունեցող խմբում ներառված են լարվածության աճը Եթովպիայում և Եմենում, Չինաստանի ու Հնդկաստանի սահմանային տարաձայնությունները, իրավիճակը Քաշմիրում, իսրայել-պաղեստինյան հակամարտությունն ու Թուրքիայի բանակի ու քրդական զորամիավորումերի միջև հնարավոր ընդհարումները Թուրքիայում, Իրաքում և Սիրիայում: Այս նույն խմբում, քիչ հավանականությամբ, ընդգրկված են նաև ԱՄՆ-ի ու Չինաստանի միջև Հարավային Չինական ծովում տարաձայնություններն ու ԱՄՆ-ի դեմ ահաբեկչական հարձակումները:

Երրորդ խմբում, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից բացի, ընդգրկվել են անջատողականության աճը Բոսնիա-Հերցեգովինայում, Կամերունում առկա քաղաքական անկայունությունը, Եթովպիայի ու Սուդանի միջև հնարավոր տարածքային վեճը, իրավիճակը Լիբիայում, Մոզամբիկում, Մյանմարում, Նիգերիայում, Սոմալիում, ինչպես նաև Ալժիրի ու Մարոկկոյի միջև անհամաձայնությունը Արևմտյան Սահարայի շուրջ: Այս խմբում է ընդգրկված նաև աֆրիկյան մայրցամաքի Սահելյան շրջանում ստեղծված կացությունը:

Զեկույցի հրապարակման տասնչորս տարիների ընթացքում առաջին անգամ բազմաթիվ զոհերով ուղեկցվող օտարերկրյա ահաբեկչական կազմակերպության կողմից ուղիղ հարձակումը Միացյալ Նահանգների դեմ չի ընդգրկվել առաջին խմբում: Հարցմանը մասնակցած մասնագետների մեծ մասի կարծիքով նման հարձակումն ունի միջին հավանականություն 2022 թվականի ընթացքում:

Նմանատիպ նյութեր