211652_close_icon
views-count2379 դիտում article-date 13:21 02-02-2022

ՊԵԿ-ում մեկնարկում են մաքսային ծառայողի պատրաստման աննախադեպ դասընթացներ

Պետական եկամուտների կոմիտեն սկսում է նոր չափանիշներով մաքսային ծառայողներ պատրաստելու աննախադեպ դասընթացների շարք: Դասընթացը հաջողությամբ ավարտած մասնակիցները հնարավորություն կունենան ստանալու հավաստագիր և աշխատանքի առաջարկ մաքսային ծառայության տարբեր պաշտոններում: 

ՊԵԿ-ից հայտնում են, որ դասընթացներին կարող են մասնակցել ինչպես մաքսային ծառայողներն, այնպես էլ բարձրագույն կրթություն ունեցող բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակից լինել նոր որակի մաքսային ծառայության ձևավորմանը՝ անկախ աշխատանքային փորձից։ Իսկ համակարգում աշխատողների համար սա նաև վերապատրաստվելու, առաջխաղացման և ուժերն այլ ստորաբաժանումներում փորձելու հնարավորություն է: Դասընթացի մասնակիցները կստանան ոլորտի վերաբերյալ հիմնարար գիտելիքներ և գործնական պարապմունքներ կունենան մաքսային մարմիններում, այդ թվում՝ սահմանային մաքսակետերում։

Դասընթացի ընդունելությունը կանցկացվի երկու փուլով՝ թեստավորում և հարցազրույց։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ընդունելության առցանց դիմում (https://ats.hirebee.ai/am/jobs/dimord/apply) և ներբեռնել պահանջվող փաստաթղթերի պատճենները։ Ընդունելության համար պահանջվող օտար լեզուների և համակարգչի իմացությունը կարող է ստուգվել ՊԵԿ ուսումնական կենտրոնում կազմակերպվող թեստավորմամբ՝ գիտելիքների մակարդակը հավաստող փաստաթղթեր չունենալու դեպքում։ Դիմումի ներկայացման վերջնաժամկետը 2022թ. փետրվարի 28-ն է:

Թեստավորման անցողիկ շեմը հաղթահարած մասնակիցները հարցազրույցին մասնակցելու իրավունք կստանան բարեվարքության վերաբերյալ հարցաթերթիկ լրացնելու դեպքում: Գործընթացի վերջին փուլում մասնակիցները հանձնելու են ավարտական քննություն, որի արդյունքով հնարավորություն կունենան ստանալու մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առաջարկ նոր ստեղծվող ստորաբաժանումներում։

Մաքսային ծառայողների ընդունելության նոր ընթացակարգի նպատակն է բարեփոխվող մաքսային ծառայության կազմում ընդգրկել բացառապես մասնագիտական բարձր պատրաստվածություն և ներուժ ունեցող աշխատակիցների՝ ձևավորելով մաքսային ծառայողի նոր կերպար: Մաքսային համակարգում իրականացվող բարեփոխումների հիմքում տնտեսվարողներին և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների և սպասարկման որակի բարձրացումն է, որը կյանքի է կոչվում համաշխարհային միտումներին համահունչ էլեկտրոնային համակարգերի ներդրմամբ և կատարելագործմամբ։

Դասընթացի ընդունելության կարգը, ժամկետները, պահանջվող փաստաթղթերը և այլ մանրամասներ ներկայացված են ՊԵԿ պաշտոնական կայքում (www.petekamutner.am/dimord.aspx)։ 

Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել՝ 060 844 988, 060 844 951 կամ գրել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեին:

Նմանատիպ նյութեր