211652_close_icon
views-count1611 դիտում article-date 10:55 08-03-2022

«Վրեժ լուծելու» քարոզը 21-րդ դարում․ «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Պատերազմում ռուսական կողմի հիմնական թեզերը հետեւյալն են.

1/ ՆԱՏՕ-ն ուզում էր ընդլայնվել Ուկրաինայի հաշվին եւ այդ երկրում միջուկային զենք տեղադրել,

2/ Ուկրաինա պետություն ընդհանրապես գոյություն չունի՝ դա Լենինի ստեղծած պետական կազմավորումն է,

3/ ուկրաինացիները 8 տարի սպանում էին ռուսներին Դոնբասում եւ Լուգանսկում:

Առաջին դեպքում մտադրությունը (իրական, թե մտացածին) համեմատվում է գործողության հետ: Համեմատեք. մենք հանձնել ենք Արցախի մեծ մասն այն պատճառով, որովհետեւ «նախկիններն» ՈւԶՈՒՄ ԷԻՆ այն հանձնել: Չիրականացված մտադրությունները ստուգել այնքան էլ հեշտ գործ չէ:

Երկրորդ թեզը տանում է մեզ «պատմական արդարության» հեղհեղուկ ոլորտ: Մանավանդ կազմալուծված կայսրությունների մասերի վերաբերյալ նման դատողությունները քաղաքականության մեջ փաստարկ են դառնում միայն այն դեպքում, երբ «ամրագրվում են» ռազմական ուժով: Բայց այդ թեզն անվրեպ նշանակետին է խփում Ռուսաստանի «ներքին շուկայում», որտեղ բնակչության մեծամասնությունը կայսրապաշտ է. այդ մեծամասնությունը չի ընկալում Ուկրաինան որպես առանձին պետություն, որն ունի իր սահմաններն ու շահերը: Դա իրենց համար Ռուսաստանի մի մասն է, որը ինչ-որ պատմական պատահականությամբ, թյուրիմացությամբ, ժամանակավորապես դուրս է մնացել իրենց վերահսկողությունից:

Ամենավտանգավորը վերջին փաստարկն է, որովհետեւ ստացվում է՝ Դոնբասում եւ Լուգանսկում մարդ էին սպանում (իրոք 2014 թվականից ի վեր եղել են բախումներ եւ զոհեր), եւ հիմա նրանք՝ այսինքն` Ռուսաստանի բանակը, վրեժ է լուծում: Նախ՝ այդ զորքն այժմ շատ ավելի հեռուն է գնացել, քան ДНР եւ ЛНР կոչվող հանրապետությունները եւ անհամեմատ շատ մարդ է սպանել (եւ զոհ տվել), անհամեմատ մեծ ավերածություններ է գործել, քան անցած 8 տարվա ընթացքում էր:

Երկրորդ՝ «ակն ընդ ական, ատամն ընդ ատաման» բանաձեւը 21-րդ դարում պարզապես անիմաստ է: Ինչի՞ հասան ամերիկացիները «սեպտեմբերի 11-ի» համար Աֆղանստանում վրեժ լուծելով (իհարկե, համեմատելի չեն երկու դեպքերը, այստեղ խոսքս միայն բարբարոսական սկզբունքի մասին է). Միացյալ Նահանգները մխրճվել էր անիմաստ պատերազմի մեջ՝ չհասնելով շոշափելի արդյունքների: Եթե անգամ Ռուսաստանն Ուկրաինայում իրագործի իր բոլոր նպատակները, միեւնույն է՝ հիմա էլ հակառակ կողմում է տասնամյակներով, գուցե՝ դարերով հասունանալու վրեժխնդրության զգացողությունը: «Մի կաթիլ մեղր» հեքիաթի ողբերգական բեմադրությունն է:

․․․Բռնությունը միշտ «արդարացում» ունի: Այդ թվում հարեւանի նկատմամբ կամ ընտանեկան բռնությունը. «ութ տարի նյարդերս ուտում է, ինձ ափերից հանել է, համբերության բաժակս լցվել, ուրիշ տարբերակ չունեի, ստիպված էի այդպես վարվել»: Հանդիպե՞լ եք նման արդարացումների»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր