211652_close_icon
views-count1873 դիտում article-date 22:32 11-03-2022

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի է ունեցել Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը

Մարտի 7-10-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ողջույնի և օրհնության խոսքից հետո ժողովի նիստերն ատենապետեց Արևմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տ. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը։

Ժողովին քննարկվեց Մայր Տաճարի հիմնանորոգության և ամրակայման աշխատանքների ընթացքը: Կատարված աշխատանքների վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ փոխանցեց Մայր Աթոռի վանական խորհրդի ատենապետ և լուսարարապետ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը: Մայր Տաճարի վերանորոգման նպատակով կազմակերպված հանգանակությունների և անհրաժեշտ միջոցների հավաքագրման ընթացքի մասին զեկույց ներկայացրեց ԱՄՆ Արևմտյան Հայոց թեմի առաջնորդ և հանգանակության հանձնախմբի ատենապետ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը:

ԳՀԽ ողջունեց կատարված աշխատանքները, կարևորեց Մայր Տաճարի հիմնանորոգությանն ուղղված ջանքերը և ներդրումները՝ հույս հայտնելով, որ այն առաջիկայում դռները կբացի բարեպաշտ ժողովրդի առջև։

Ժողովի ընթացքին զեկույցով հանդես եկավ նաև Կ. Պոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, ով ներկայացրեց պատրիարքության առկա կացությունը։ Ամենապատիվ Սրբազան Հայրը տեղեկություններ փոխանցեց պատրիարքության հոգևոր դասի, եկեղեցական կառույցների, ծխական համայնքների, կրթօջախների գործունեության վերաբերյալ։

Ժողովականներին Արցախի սրբավայրերի պահպանության ուղղությամբ Մայր Աթոռի կողմից իրականացվող աշխատանքների և առաջիկա ծրագրերի վերաբերյալ համապարփակ տեղեկություններ ներկայացրեց Մայր Աթոռի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը։

Հայր Սուրբն ընդգծեց, որ գրասենյակի գործունեության հիմնական նպատակն է հուշարձանների պահպանությամբ զբաղվող միջազգային կառույցների, պետական պատկան մարմինների, ինչպես նաև միջեկեղեցական կառույցների և Քույր Եկեղեցիների ուշադրությունը հրավիրել Արցախի հուշարձաններին սպառնացող վտանգների և դրանց պահպանությանն ուղղված ծրագրերի անհրաժեշտության վրա: Գրասենյակի գործառույթն է նաև տրամադրել գիտական աղբյուրների վրա հիմնված տեղեկատվություն՝ կանխելու Ադրբեջանի կողմից Արցախի պատմական անցյալի և Արցախի հայկական հոգևոր ու պատմամշակութային հուշարձանների պատկանելիության վերաբերյալ փաստերի խեղաթյուրումը և կեղծ տեղեկատվության տարածումը:

Ժողովին Արշակ եպիսկոպոսի կողմից ներկայացվեց նաև Հայ Եկեղեցու հոգևորկանաց պատրաստության, թեմական և ծխական կյանքի կազմակերպման, սոցիալական, կրթադաստիարկչական, քրիստոնեական արժեհամակարգին նետված մարտահրավերների, ֆինանսատնտեսական վիճակի բարելավման և Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման առաքելության ուղենշային փաստաթղթերի վերաբերյալ զեկույցը:

Կարևորելով ուղենշային փաստաթղթերի ձևավորումը, ԳՀԽ-ն թելադրեց խմբագրական խորհրդին, դրանք կազմող հանձնախմբերի հետ շարունակել փաստաթղթերի լրամշակման աշխատանքները:

       Հայ Եկեղեցու Համաշխարհային Երիտասարդական Միավորման (ՀԵՀԵՄ) հոգևոր պատասխանատու Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը ներկայացրեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի կողմից սույն թվականի մարտի 1-6-ը կազմակերպված ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանային ֆորումի արդյունքները, որին մասնակցում էին ՀԵՀԵՄ Եվրոպայի տարածաշրջանի Հայրապետական պատվիրակությունների, թեմերի և հովվությունների երիտասարդներ, թեմակալ առաջնորդներ։ Սրբազան հայրը կարևորեց ՀԵՀԵՄ Կենտրոնական գրասենյակի և թեմերի երիտասարդական կառույցների ջանքերը աշխարհասփյուռ հայ երիտասարդների համախմբման և առաջիկայում համահայկական ուխտագնացության կազմակերպման ուղղությամբ։

ԳՀԽ-ի անդամներին Եկեղեցի-պետություն հարաբերությունների և առկա մարտահրավերների վերաբերյալ զեկուցեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Արձանագրվեց, որ դեռևս 2019 թվականին Եկեղեցի–պետություն հարաբերությունների կանոնակարգման նպատակով ձևավորված հանձանախմբի աշխատանքները տակավին վերականգնված չեն և այս բնագավառում լուծման կարոտ են մնացել մի շարք խնդիրներ, մասնավորաբար կրթական, մշակութային, արարողակարգային, օրենսդրական, հարկային, մաքսային և կարևորագույն այլ որոլորտների հետ առընչված։
ԳՀԽ մտահոգությամբ անդրադարձ կատարեց ռուս-ուկրաինական հակամարտությանը և Ուկրաինայի հայության առջև ծառացած մարտահրավերներին։ Այս առնչությամբ ժողովականներին զեկույց ներկայացրեց Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը։ Սրբազան հայրն ընդգծեց, որ Վեհափառ Հայրապետն այս օրերին մշտական կապի մեջ է Ուկրաինայի և Եվրոպական երկրներում Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների հետ՝ տեղեկանալով տիրող իրավիճակին և Ուկարինայի հայ համայնքի ու Եվրոպական տարբեր երկրներում հանգրվանած հայորդիների կարիքներին։ ԳՀԽ անդամներն աղոթեցին տարածաշրջանում հակամարտության շուտափույթ ավարտի և խաղաղության հաստատման համար:

ԳՀԽ ժողովին քննարկվեցին նաև Եկեղեցու կանոնական ու հովվական կյանքին, կարգապահական ու իրավական հարցերին, կրթական ու սոցիալական ծրագրերին և Եկեղեցու առաքելության արդյունավորմանը վերաբերող հարցեր:

Ժողովի վերջում ներկայացվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի 2021 թվականի գործունեության տեղեկագիրը: Դրանց շրջանակում արձանագրվեց, որ անցնող տարում իրականացվել են մշակութային, հոգևոր–քարոզչական, կրթական, սոցիալական ծրագրեր՝ ՀՀ Զինված Ուժերում, քրեակատարողական հիմնարկներում, կրթական ու մշակութային հաստատություններում և համայնքներում։

Քառօրյա ժողովն ամփոփվեց Ամենայն Հայոց Հայրապետի օրհնության և գնահատանքի խոսքով։
 

Նմանատիպ նյութեր