211652_close_icon
views-count39284 դիտում article-date 09:22 26-03-2022

Ռուսաստանը չի կարող լինել ԼՂ հակամարտության կարգավորման և խաղաղության երաշխավոր. վերլուծաբաններ․ «Ամերիկայի ձայն»

Միացյալ Նահանգները Մինսկի խմբի համանախագահ է և շարունակական շահագրգռվածություն ունի ոչ միայն խաղաղության պահպանման, այլ նաեւ կողմերի միջև հակամարտության տևական կարգավորման հարցում, ասում է Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյսմ Ուորլիկը Ամերիկայի ձայնին տված հարցազրույցում՝ անդրադառնալով ԼՂ-ի շուրջ վերջին զարգացումներում ԱՄՆ-ի հնարավոր դերակատարությանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ըստ նախկին դիվանագետի՝ չնայած Ուկրաինայում ընթացող պատերազմին, Վաշինգտոնը չպետք է անտեսի զարգացոմները ԼՂ-ի կամ մեկ այլ հակամարտության շուրջ: Մենք մեծ երկիր ենք և կարող ենք դիտարկել բազմաթիվ հակամարտություններ ամբողջ աշխարհում՝ համապատասխան արձագանքելով դրանց, պնդում է Ոորլիկը:

«Մենք նաև պետք է կոչ անենք ռուսական կողմին պատասխանատվություն դրսևորորել ԼՂ-ում թե՛ խաղաղության պահպանման, թե՛ հակամարտության կարգավորման իրենց պատասխանատվության հարցում»,- նշում է նա:

Դրա հետ մեկտեղ նախկին դեսպանի կարծիքով այսօրվա իրականության մեջ դժվար է պատկերացնել Ռուսաստանի հետ գործակցությունը Մինսկի խմբի ձևաչափում՝ հաշվի առնելով Կիևի դեմ Մոսկվայի ագրեսիան:

«Եթե Մինսկի խումբը չի կարող կատարել իր աշխատանքը, ապա միջազգային հանրությունը, հավանաբար, ԵԱՀԿ-ն, պետք է առաջ շարժվի և պատասխանատվություն ստանձնի Լեռնային Ղարաբաղի շուրջ առկա բազմաթիվ խնդիրներում»,- պնդում է Ուորլիկը:

Այս մոտեցումը կիսում է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան , վերլուծաբան Ռիչարդ Կազլյարիչը, ում կարծիքով դժվար է հույս ունենալ, որ Մինսկի խմբի եռանախագահների գործող ձևաչափը լինի կենսունակ այսօրվա պայմաններում: Ես կողջունեի ԵՄ դերակատարության մեծացումն այս գործընթացում, շեշտում է Կազլյարիչը:

«Եթե բացակայում է Մինսկի խմբի գործընթացը, ապա հակամարտության կողմ չհանդիսացող մի ուժ, որը շահագրգռված կլինի հակամարտության խաղաղ կարգավորման մեջ, պետք է առաջ քաշի նոր մի ձևաչափ կամ մեխանիզմ»,- ասում է Կազլյարիչը:

Վերլուծաբանները համակարծիք են, որ այսօր Ռուսաստանը չի կարող լինել այս հակամարտության կարգավորման և խաղաղության երաշխավոր:

«Ռուսաստանը միայնակ կամ ՌԴ-ը Մինսկի խմբի շրջանակում չի կարող հասնել լարվածության նվազեցմանը։ Այսօր Ուկրաինայում Մոսկվայի սարսափելի վարքագիծը հիշեցնում է բոլորին, որ ռուսական կողմը վստահելի չէ և անհնար է նրանց վրա հույս դնել խաղաղ կարգավորման հարցում»,- ասում Կազլյարիչը:

«Այն ինչին ականատես ենք այսօր Լեռնային Ղարաբաղում միջանկյալ զարգացում է, որը չի կարող տևական լինել: Կարծում եմ, որ ներկայիս ռազմական գործողությունները դրա վառ ցուցանիշն են։ Անհրաժեշծտ է համաձայնություն, որն ընդունելի կլինի կողմերի համար: Այն կարող է երկարաժամկետ խաղաղություն և անվտանգություն ապահովել տարածաշրջանում, և դա տեղի չի ունենա միայն Ռուսաստանի միջոցով»,- նշում է Ուորլիկը:

Անդրադառնալով հայ-թուրքական վերջին շրջանի երկխոսությանը՝ վերլուծաբանները վստահություն են հայտնում, որ Հայաստանը զգալիորեն կշահի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումից: Ըստ Ջեյմս Ուորլիկի՝ դա հնարավորություն կտա Երևանին նվազեցնել կախումը Մոսկվայից: Իր հերթին Ռիչարդ Կազլյարիչը դրական է գնահատում վերջին շրջանի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ջանքերը՝ շեշտելով, որ այս գործընթացը պետք է ընթանա երկկողմանի ձևաչափով՝ առանց երրորդ կողմի, մասնավորապես Մոսկվայի միջամտության: Նա հույս է հայտնում, որ Բաքուն ևս կշարունակի դրական վերաբերմունք դրսևորել այս երկխոսության հարցում, որն, ըստ Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպանի, ևս բխում է Բաքվի շահերից, մասնավորապես ճանապարհային ենթակառուցվածքների վերաբացման համատեքստում:

Նմանատիպ նյութեր