211652_close_icon
views-count1459 դիտում article-date 23:08 20-04-2022

Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու. կոչ ՀՀ ԱԳՆ-ին՝ առաջնորդվել ազգային և պետական շահերով. «5165» շարժում

Հայաստանի և Արցախի առաջ ծառացած խնդիրների դեպքում դիվանագիտական դաշտի քայլերը կարևորելով`  «5165» շարժման անդամները և հասարակական-քաղաքական գործիչներն այսօր`ապրիլի 20-ին, ակցիա իրականացրին ՀՀ ԱԳՆ-ի մոտ։ Նրանք կոչ արեցին ՀՀ ԱԳՆ աշխատակիցներին, դեսպաններին առաջնորդվել ազգային և պետական շահերով` տուրք չտալով ներկայիս իշխանությունների վարած կործանարար քաղաքականությանը։

Շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը խոսեց ներկայիս իշխանությունների` Թուրքիայի հետ վարած քաղաքականության մասին։

 «Մենք եկել ենք այստեղ, որ ներկայացնենք այն անջրպետը, որ գոյություն ունի ՀՀ ազգային պետական շահերի և արտաքին քաղաքական պատասխանատուների վարքագծի և նրանց կողմից թելադրվող ուղեգծի միջև։ Նրանք վարում են մի քաղաքականություն,որը հակասում ՀՀ ազգային և պետական շահերին։Գործող իշխանությունները առաջ են տանում Թուրքիայի հետ արագ հաշտեցման քաղաքական ուղեգիծ։ Հնարավոր չէ կարճ ժամանակահատվածում բոլոր խնդիրները կարգավորել, բայց կան խնդիրներ, որոնց վերաբերյալ այս իշխանությունները չեն տանում հանրային քննարկումներ։ Այս իշխանությունները որդեգրել են հարցի փաթեթային լուծման տարբերակը։ Նրանք հայտարարում են, որ առանց նախապայմանների են գնում այդ հաշտեցմանը»,- ասաց Սողոմոնյանը` նշելով,որ շատ ռիսկեր կան,որոնց մասին չի խոսվում։

Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը նկատեց, որ մի քանի նախարարության  և Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի նստելավայր հանդիսացող շենքի տարածքում չկան ՀՀ դրոշներ.   «Այս մարդիկ արդեն վախենում են, որ ՀՀ պետական կառավարման մարմիններում դրոշաձողի վրա ՀՀ դրոշ բարձրացնեն։ Ահա, թե ինչի ենք հիմա հասել մենք։ Միգուցե, Ադրբեջանի հետ ուղիղ կապի պայմաններում նրանց սպառնացել են, որ եթե դրոշ բարձրացնեն, ապա կպատժեն իրենց»։

Հասարակական գործիչ, «Արար» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանը նկատեց, որ ԱԳՆ-ն անկախության տարեկիցն է։

«ՀՀ լավագույն հաստատություններից մեկն ո, որ ստեղծման օրից կանգնած է եղել մեր դիվանագիտական շահերի կողքին, երեք տասնամյակ դուք առաջ եք մղել ՀՀ ազգային շահը։ Նույնիսկ 44-օրյա պատերազմում նախապես կանխորոշված պատերազմից հետո դուք շարունակել եք ձեր աշխատանքը։

Այսօր, սակայն, մենք հասել ենք այնպիսի ճամփաբաժանի, որ գործող իշխանությունները, չունենալով ժողովրդից տրված որևէ մանդատ, իրականում թուրք-ադրբեջանական տանդեմի ճնշման ներքո ուզում են իջեցնել Արցախի ինքնորոշման նշաձողը կամ, ավելի պարզ ասած, փորձում են Արցախը թողնել Ադրբեջանի կազմում։ Արցախը կա՛մ կմնա հայկական, կա՛մ կվերանա»,- նշեց Չալաբյանը։

  Շարժման առաջնորդ Կարին Տոնոյանն իր զայրույթն արտահայտեց` նշելով, որ այդքան լուսավոր տղա չզոհվեց հանուն նրա, որ այսօր վախենան ՀՀ դրոշ բարձրացնել։
 «Նրանք գնում էին կռվելու, որ մենք միշտ ունենանք հայրենիք,  նրանք վստահ էին, որ թշնամին իրենց առջևում է,այլ ոչ թիկունքում։ Լսե՛ք նրանց ձայները, որոնք ասում են` որևէ փաստաթղթի տակ ստորգրելիս հիշեք, որ կյանքեր են տվել»,-ասաց նա։

   Մասնակիցներն այնուհետ վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ 18։00-ից ամեն օր հանրային քննարկումներ են անցկացվում։

Նմանատիպ նյութեր