211652_close_icon
views-count1831 դիտում article-date 14:08 12-05-2022

ԱԺ արտահերթ ընտրություններին ընտրակաշառք տալու գործով հերթական մեղադրական դատավճիռն է կայացվել

ՀՀ ոստիկանության Գավառի բաժնում 2021թ. հունիսի 9-ին հարուցված և  ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Գավառի տարածքային գրասենյակի քարտուղար Սոնյա Զաքոյանը նախնական համաձայնություն է ձեռք բերել նույն գրասենյակի աշխատանքները համակարգող, ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին «Բարգավաճ  Հայաստան» կուսակցության ընտրական ցուցակի 83-րդ հերթական համարի պատգամավորի թեկնածու Արամայիս Ապրոյանի հետ՝ ընտրությունների ժամանակ նշված կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար շուրջ ութ տասնյակ ընտրողների սննդամթերքի տեսքով կաշառք տալու վերաբերյալ:

Ինչպես հայտնում են Գլխավոր դատախազությունից, Ա. Ապրոյանի պահանջով նա նախապես ձեռք բերած տարբեր սննդամթերքն, ըստ միևնույն ապրանքատեսակների խմբաքանակի, տեղավորել է մեկական փաթեթներում և հնարավոր բացահայտումից խուսափելու նպատակով կուսակցության Գավառի տարածքային գրասենյակից տեղափոխել Գավառ քաղաքում գտնվող իր բնակարան:

Դրանից հետո Ս. Զաքոյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կողմ քվեարկելու համար նույն գրասենյակի ղեկավար Ա. Ապրոյանի  հետ, նախնական համաձայնությամբ, համաձայն նախապես կազմված ցուցակի և դրանում ընդգրկված ընտրողների հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության, 2021թ. հունիսի 8-ին և 9-ին նշված բնակարան այցելած ՀՀ Գեղարքունիքի մարզի Գավառի տարածաշրջանի 31 ընտրողների տվել է տարբեր տեսակի սննդամթերքի տեսքով կաշառք:

Նախաքննության ընթացքում Ա. Ապրոյանին և Ս. Զաքոյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով:

2021թ.դեկտեմբերի 17-ին Ս. Զաքոյանի վերաբերյալ մասն անջատվել է քրեական գործից և մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Գեղարքունիք մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան: Մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել նաև Ա. Ապրոյանի մասով քրեական գործը:

Դատական քննության ընթացքում Ս. Զաքոյանի միջնորդության հիման վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իրավակարգավորումների համաձայն, իրականացվել է համաձայնության վարույթ, որի արդյունքներով դատարանը 2022թ. մայիսի 4-ին կայացրել է մեղադրական դատավճիռ` Ս. Զաքոյանին մեղավոր ճանաչելով իրեն մեղսագրված հանցավոր արարքի կատարման համար: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով պատիժը պայմանականորեն չի կիրառվել՝ չորս տարի ժամկետով փորձաշրջանի սահմանմամբ, միաժամանակ ամբաստանյալի վրա դրվել են ուղղմանը նպաստող այլ պարտականություններ:

Ա. Ապրոյանի վերաբերյալ քրեական գործով դատական քննությունը շարունակվում է:

Նմանատիպ նյութեր