211652_close_icon
views-count1453 դիտում article-date 19:12 27-06-2022

«Սևան» ազգային պարկում անցկացվել է վազքի և աղբահավաքության համադրությամբ արշավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Հայաստանում Շվեդիայի դեսպանությունը «Այ Էս Էս Դի»  համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ի հետ համատեղ կազմակերպել էր փլոգինգ արշավ «Սեւան» ազգային պարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հայաստանում Շվեդիայի փոխդեսպան, խորհրդական Աննիկա Նորդին Ջայավարդենան, «փլոգինգ» բառն առաջացել է  երկու արմատից՝ արագ քայլել եւ կռանալով աղբ հավաքել:

«Այն սկսվել է Շվեդիայում, 2016 թվականին, երբ վազքի դուրս եկած մարդիկ նկատել են դուրսը թափված պլաստիկ թափոնները եւ որոշել դրանք հավաքել: Տարիների ընթացքում այս արշավը տարածվել է նաեւ այլ երկրներում, եւ այսօր հասել է նաեւ Հայաստան: Մենք այստեղ յուրաքանչյուրս փորձում ենք լինել փլոգինգի դեսպաններ, որ մարդիկ տեսնեն եւ իրենց երեխաների հետ զբաղվեն փլոգինգով: Եվ շատ ցանկալի է, որ համայնքը ներգրավված լինի փլոգինգի մեջ: Ուրախ ենք, որ այստեղ ենք եւ կարող ենք օգտակար գործ անել շրջակա միջավայրը մաքուր պահելու  համար»,- նշեց Աննիկա Նորդին Ջայավարդենան:

Փլոգինգի օգտակարության մասին խոսեց «Այ Էս Էս Դի» ՀԿ-ի համահիմնադիր նախագահ Մխիթար Ավետիսյանը։ Փլոգինգի արշավին միացել էին նաեւ «Սեւան» ազգային պարկի եւ շվեդական «Օրիֆլեյմ» ընկերության աշխատակիցները: Մեկուկես ժամ ակտիվ փլոգինգից հետո «Սեւան» ազգային պարկի մի հատված ազատվեց ընդհանուր աղբից, իսկ  վերամշակման ենթակա պլաստիկ թափոնները տեղափոխվեցին վերամշակման կայան: Փլոգինգ արշավի հեղինակների կարծիքով՝ նախաձեռնությունը կդառնա օրինակելի ու վարակիչ,  եւ մարդիկ մեծ սիրով կզբաղվեն փլոգինգով՝  մարզվելով կմաքրեն իրենց շրջապատող բնությունը:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր