211652_close_icon
views-count919 դիտում article-date 23:42 15-07-2022

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում քննարկվեցին առաջնահերթ ու կարեւոր նշանակության հարցեր

Գեղարքունիքի մարզի խորհրդի հերթական նիստում, որը վարեց Գեղարքունիքի մարզպետ, Գեղարքունիքի մարզի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը, քննարկվեցին առաջնահերթ եւ կարեւոր լուծում պահանջող հարցեր։

Նիստի աշխատանքներին մասնակցում էին մարզխորհրդի անդամները,  մարզի ուժային կառույցների եւ համայնքների վարչական  ղեկավարներ։

Մարզի համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման առաջին կիսամյակի արդյունքների մասին զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի ֆինանսական եւ սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Յուրա Մուշեղյանը։ Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի 1-ին կիսամյակի արդյունքներով մարզի կատարողական ցուցանիշների հավաքագրման մակարդակը կազմում է ընդամենը 70,6 տոկոս, կամ պլանավորված 1 միլիարդ 313 միլիոն 784 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 927միլիոն 966,3 հազար դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի հետ համեմատած արձանագրվել է 2 տոկոսի նվազեցում, սակայն բացարձակ թվերով ավել է հավաքագրվել 158 830,8 հազար դրամ, որը, իհարկե, գոհացուցիչ չի կարելի համարել:

«Ինչպես ցույց են տալիս փաստերը, առանձին համայնքներ ոչ միայն չեն ապահովել իրենց իսկ կողմից ստանձնված պարտադիր լիազորությունների լիարժեք կատարումը, այլև բացասաբար են ազդել մարզի միջին ցուցանիշների մակարդակի ապահովման վրա։ Մարզի միջինից բարձր ցուցանիշներ ապահովել են Ճամբարակ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքները»,-նշեց Յուրա Մուշեղյանը։

Օրակարգային երկրորդ՝ «Գեղարքունիքի մարզի համայնքապետարաններում համայնքային ծառայության թափուր պաշտոնների համալրման մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի տեղական ինքնակառավարման եւ հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների համակարգման հարցերով վարչության պետ Վանիկ Հարությունյանը։ Նա տեղեկացրեց, որ պետական լիազոր մարմնի կողմից նորաստեղծ համայնքներում հաստատվել է թվով 318 համայնքային ծառայության պաշտոններ։ Գեղարքունիքի մարզի Գավառ, Սևան և Մարտունի համայնքների աշխատակազմերի համայնքային ծառայության թափուր պաշտոնների համար սույն թվականի հուլիսի 15-ի դրությամբ հայտարարվել է 148 մրցույթ, անցկացվել է 36-ը, որի արդյունքում պաշտոնի են նշանակվել թվով 33 համայնքային ծառայողներ։ Վարդենիս համայնքում այս պահի դրությամբ դեռևս համայնքային ծառայողների թափուր պաշտոնների համար մրցույթներ չեն հայտարարվել։ Համայնքներում մրցույթների անցկացման գործընթացը շարունակվում է։

«Համայնքների մեծ մասում բավարար աշխատանքներ չեն տարվել համայնքային և պետական սեփականություն հանդիսացող արոտների, խոտհարքների, վարելահողերի, վարձակալական պայմանագրերը սահմանված կարգով կնքելու, գրանցելու, վարձավճարների հաշվարկման, ապառքների գրանցման ուղղությամբ»,-նշեց զեկուցողը։

Օրակարգային երրորդ՝ «Գեղարքունիքի մարզի համայնքներում 2022 թվականի գյուղատնտեսական աշխատանքների ընթացքի մասին» հարցի շուրջ զեկուցեց Գեղարքունիքի մարզպետարանի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Մարտին Պետրոսյանը։ Նա տեղեկացրեց, որ 2022 թվականի հունիսի 1-ի դրությամբ մարզի համայնքներում ավարտվել են գարնանացանի աշխատանքները: Կատարվել է 20011 հեկտար գարնանացան, որից՝ 10642 հեկտար հացահատիկային մշակաբույսեր, 165 հեկտար հատիկընդեղեն, 7004 հեկտար կարտոֆիլ, 1242 հեկտար բանջարբոստանային մշակաբույսեր, 8957 հեկտար կերային, 124 հեկտար տեխնիկական մշակաբույսեր։ 2022 թվականին ցանքային տարածությունը մարզի համայնքներում կազմել է ընդամենը 37742 հեկտար, նախորդ տարվա 40559 հեկտարի դիմաց։ Մարզ ներկրված պարարտանյութերը բաշխվել են ընդհանուր պահանջարկի 74,4 տոկոսի չափով։ Արդեն ընթացքի մեջ են ոռոգման եւ անասնակերի կուտակման աշխատանքները։

«2022 թվականի հուլիսի 15-ի դրությամբ մարզում արդեն կուտակվել է մոտ 9 հազար տոննա անասնակեր։ Եղած տեխնիկական միջոցները եւ աշխատուժը բավարար են՝ բերքահավաքը ժամանակին եւ որակով կատարելու համար։ «Գեղարքունիք» ՋՕԸ-ի կողմից ներկայումս մարզում ընթանում է ոռոգման աշխատանքների կազմակերպման, շահառուների հետ ոռոգման ջրի դիմաց պայմանագրերի կնքման, հայտերի հավաքագրման և ջրամատակարարման աշխատանքներ»,-ներկայացրեց զեկուցողը:

Հայտարարություններով հանդես եկան Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Արմեն Զոհրաբյանը, հողաշինարարության եւ հողօգտագործման բաժնի պետ Մարատ Ղուրշուդյանը, ՀՀ ՊՆ զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության Գեղարքունիքի մարզային ստորաբաժանման զորահավաքային բաժնի պետ Բենիկ Սարգսյանը եւ ավագ մասնագետ Դավիթ Վարդանյանը։ Հայտարարությունները վերաբերում էին սուբվենցիոն ծրագրերի հայտերի եւ նախագծերի կազմման եւ իրականացման, վարձակալված հողերի նպատակային օգտագործման եւ վարձավճարների գանձման, զորակոչի եւ եռամսյա վարժական հավաքների կազմակերպման հետ կապված խնդիրներին։

Նիստի աշխատանքներն ամփոփեց Գեղարքունիքի մարզպետ, մազի խորհրդի նախագահ Կարեն Սարգսյանը։ «Համայնքապետարանները պետք է ընտրեն համատասխան տարածք եւ ապահովեն տեխնիկական միջոցներ՝ անկանխիկ գործարքների իրականացումն ապահովելու նպատակով։ Համայնքապետարաններում պետք է ստեղծվեն մասնագիտական համապատասխան խմբեր՝ սուբվենցիոն ծրագրերի կազմման և իրականացման ընթացքի ուսումնասիրությունն ու մշտադիտարկումն ապահովելու նպատակով։ Անհրաժեշտ է, որպեսզի Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը հակահրդեհային միջոցառումների իրազեկման քարոզչություն իրականացնի՝ ամառային շոգ եղանակներին հրդեհները կանխարգելելու նպատակով։ Համայնքների ղեկավարները եւ բնակավայրերի վարչական ղեկավարները մարզպետարանի հետ համագործակցությամբ պետք է անեն հնարավորը, որպեսզի սեղմ ժամկետներում կարողանանք իրավիճակը շտկել համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման ուղղությամբ։ Հավատացած եմ, որ մենք ունենք բավարար ներուժ՝ նախորդ տարիների ցուցանիշները գերազանցելու համար»,-նշեց Կարեն Սարգսյանը։

Նմանատիպ նյութեր