211652_close_icon
views-count2452 դիտում article-date 15:39 20-07-2022

Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հուլիսի 20-ին ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ Կատրին Գյորինգ-Էքքարդտի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մեծապես կարեւորել են Հայաստան-Գերմանիա բարեկամական հարաբերությունների կայուն զարգացումը եւ միջխորհրդարանական համագործակցության խորացումը: Հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունը;

Զրույցի ընթացքում ուշադրության կենտրոնում եղել եւ շեշտադրվել է ԱԺ-ի եւ Բունդեսթագի միջեւ խորհրդարանական բազմաշերտ համագործակցության, համատեղ նախագծերի անհրաժեշտությունը: «Գերմանիան ԵՄ երկրների շարքում Հայաստանի խոշորագույն առեւտրատնտեսական գործընկերն է: Մենք նաեւ բարձր ենք գնահատում Գերմանիայի օժանդակությունը Հայաստանի ժողովրդավարական օրակարգին»,- նշել է Ալեն Սիմոնյանը:

Հանդիպմանը քննարկվել են հետպատերազմյան իրավիճակին, տարածաշրջանում տեւական խաղաղություն հաստատելուն առնչվող հարցեր: ԱԺ նախագահը նշել է, որ Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու օրակարգով եւ ջանքեր է գործադրում թե' տարածաշրջանային ենթակառուցվածքների եւ տրանսպորտային ուղիների ապաշրջափակման, թե' սահմանազատման եւ սահմանային անվտանգության ուղղությամբ: Նա շեշտել է, որ Հայաստանը տարածքային պահանջներ չունի իր հարեւանների հանդեպ:

Գերմանացի գործընկերը տեղեկացրել է, որ աչալրջորեն հետեւում են տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձություններին եւ համոզմունք է հայտնել, որ հակամարտությունների լուծման արդյունավետ ուղին խաղաղ բանակցություններն են:

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Գերմանիայի հարուստ խորհրդարանական ավանդույթի մաս կազմող հանրահայտ Christian Prayer Breakfast-ների կազմակերպումը, ինչպես նաեւ վերականգնվող էներգիային վերաբերող գործնական հարցեր:

Նմանատիպ նյութեր