211652_close_icon
views-count2063 դիտում article-date 19:04 20-07-2022

Արցախից զորքերի դուրսբերումը Ադրբեջանի հերթական պահանջն էր․ Էլիբեգովա. News.am

Տարօրինակ է, որ պաշտոնական Երևանը մի կողմից հայտարարում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը, այնուամենայնիվ, մեր օրակարգում կա, բայց դրան զուգահեռ, առանց որևէ մոդերացիայի, ՀՀ ԱԳ նախարարը  գնում է առանձին հանդիպման Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին, այսօր՝ հուլիսի 20-ին, «Տարածաշրջանը և մենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան։

Ադրբեջանագետը շեշտեց՝ եթե հայկական կողմի դիրքորոշումն է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում պետք է լինեն միջազգային մոդերատորներ, ապա տարակուսելի է, որ նման կարևոր իրադարձությունների ժամանակ նրանք անտեսվում են՝ այն դեպքում, երբ նույն ՀՀ գործող իշխանությունները մնացած պարագաներում պատասխանատվությունը միջազգային դերակատարների վրա են գցում։

«Գործող իշխանությունն ասում է՝ մենք նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրել ենք, մնացածի համար պատասխանատվությունը կրում են, օրինակ, ռուս խաղաղապահները։ Այսինքն՝ իրենք պատասխանատվությունն անընդհատ երրորդ կողմի վրա են բարդում կոնֆլիկտային իրավիճակներում, և այստեղ տրամաբանական հարց է մնում՝ արդյոք մենք շարունակո՞ւմ ենք մնալ Արցախի անվտանգության երաշխավորը, թե՞ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այլևս անվտանգության երաշխավորը չենք։ Այդ հարցը բաց է մնում, որովհետև բոլոր պրակտիկ քայլերը վկայում են այն մասին, որ ՀՀ իշխանությունը չի ստանձնում որևէ պարտավորություն՝ անվտանգության հարցով»,- ընդգծեց Անժելա Էլիբեգովան։

Արցախից զորքերի դուրսբերման հարցն այս առումով, ըստ ադրբեջանագետի, ամենաակնառու օրինակն է, նաև ադրբեջանական հերրթական պահանջը, որը լուռ կատարում են ՀՀ գործող իշխանությունները։

«Դա ադրբեջանական հերթական պահանջն էր, որը մեր առաջ դրվել էր՝ նոյեմբերի 9-ից հետո, և այդպիսի պահանջների մի շարք կա, որի մի մասը հայկական կողմը, զիջումների գնալով, արդեն կատարել է, մի մասն էլ, ենթադրում եմ, որ ընթացքում է և նույնպես կատարվելու է՝ հետևելով պրոցեսի տրամաբանությանը։

Չկա զիջումների կարմիր գիծ, որի առաջ հայկական ներկա իշխանությունը կանգնելու է և ասի՝ չէ, սրանից այն կողմ մենք չենք զիջելու։ Մինչև այս պահը՝ 1,5-2 տարի է՝ մենք տեսնում ենք, որ այդ զիջումները գնալով ակնառու են դառնում»,- շեշտեց ադրբեջանագետը։ 

Նմանատիպ նյութեր