211652_close_icon
views-count1328 դիտում article-date 10:55 22-07-2022

Ճապոնիայում անհանգստացած են Հարավային Կուրիլների մոտ ՌԴ-ի ակտիվությունից

Ճապոնիան անհրաժեշտ է համարում Ուկրաինայում իրավիճակի համատեքստում ուշադիր հետեւել Ռուսաստանի ռազմական ակտիվությանը Հեռավոր Արեւելքում, ներառյալ Կուրիլյան կղզիների հարավային շրջանը։ Այս մասին նշվել է «Սպիտակ գիրք» անունը կրող գերատեսչության ուրբաթ հրապարակված ամենամյա զեկույցում։

«Ուկրաինա ներխուժման ֆոնին անհրաժեշտ ենք համարում անհանգստությամբ հետեւել Ռուսաստանի ռազմական ակտիվությանը Հեռավոր Արեւելքում, ներառյալ հյուսիսիային տարածքները (Ճապոնիայում այդպես են անվանում Կուրիլյան կղզիների մի մասը)»,- նշվել է զեկույցում։ «Սպիտակ գրքում» ճապոնական կողմն այս տարվա համար նորից հարավային Կուրիլյան կղզիներն անվանել է իր «բուն տարածք»՝ անհանգստություն հայտնելով այնտեղ ռուսական նորագույն սպառազինության շարունակվող տեղակայման առիթով, ներառյալ «Բաստիոն» ափամերձ հրթիռային համալիրները, տեղեկացրել է tass.ru-ն։

Մոսկվան եւ Տոկիոն երկար տասնամյակներ խորհրդակցություններ են վարում՝ խաղաղության պայմանագրի հասնելու համար Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքների հիման վրա։ Այդ ճանապարհին հիմնական խոչընդոտ են մնում տարաձայնությունները Կուրիլների հարավային մասի պատկանելության վերաբերյալ։ Պատերազմի ավարտից հետո ամբողջ արշիպելագը ներառվել է Խորհրդային Միության կազմի մեջ։ Բայց Ճապոնիան վիճարկում է Իտուրուպու, Կունաշիր, Շիկոտան եւ անբնակ մի քանի մանր կղզիների պատկանելությունը։ Միեւնույն ժամանակ, ՌԴ ԱԳՆ-ն քանիցս ընդգծել է, որ ռուսական ինքնիշխանությունն այդ տարածքների հանդեպ, որը համապատասխան միջազգային-իրավական ձեւակերպում ունի, կասկածի ենթակա չէ։

Նմանատիպ նյութեր