211652_close_icon

Նրանք մեզ կշտամբում են, որ մենք լավ չենք պաշտպանել հայրենիքը․ «Առավոտ»

views-count1259 դիտում article-date 10:53 30-07-2022
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Արտերկրում ապրող մեր հայրենակիցները, այդ թվում նաեւ՝ նախկին հայաստանցիները, բնականաբար, իրավունք ունեն գնահատականներ հնչեցնելու Հայաստանի, մեր իշխանության եւ ընդդիմության, տարբեր խնդիրների մասին: Երբեմն այդ դատողությունները հետաքրքիր եւ օգտակար են լինում:

Այդ մարդկանց մեջ, որոնք, ի դեպ, Հայաստանի բնակչությունից առնվազն երեք անգամ շատ են, կան խանդավառ նիկոլականներ, եւ նույնքան ոգեշունչ հականիկոլականներ, եւ այդ երկու զանգվածների հարաբերակցությունը, իմ տպավորությամբ, մոտավորապես, 50/50 է, ի տարբերություն Հայաստանի, որտեղ առաջին խումբն՝ ակտիվ քաղաքացիների շրջանում, գերակշռում է: Արտերկրում շատ են, իհարկե, նաեւ սթափ մտածող հայեր, որոնք հասկանում են, որ խնդիրն ամենեւին անձերի մեջ չէ: Բոլոր դեպքերում մարդիկ կարող են իրենց կարծիքն արտահայտել հայրենիքում տեղի ունեցող գործընթացների մասին, եւ այն փաստարկը, որ երբեմն հնչում է՝ «արի Հայաստան, նոր խոսա», ինձ առանձնապես համոզիչ չի թվում:

Ես որոշակի վերապահում ունեմ, երբ նախկին հայաստանցիները սկսում են մեղադրել կամ կշտամբել մեզ՝ այստեղ մնացածներիս: 2018 թվականից առաջ նրանք (հիմնականում՝ տրանսլիտով) գրում էին՝ «դուք բոլորդ ստրուկ եք, որովհետեւ հանդուրժում եք Սերժին»: Այնուհետեւ պարզվեց, որ իրականում հայաստանցիների մեծամասնությունը չի հանդուրժում եւ մերժում է երրորդ նախագահին:

Շատերը հենց իշխանափոխությունն էին համարում հայրենիք վերադառնալու միակ նախապայմանը: Իշխանությունը փոխվել է չորս տարի առաջ, իսկ վերադառնալու խոստում տվողների ճնշող մեծամասնությունը շարունակում է ապրել իրենց ռուսաստաններում եւ գլենդեյլներում: Դա եւս մի փաստարկ է հօգուտ այն թեզի, որ հայաստանյան խնդիրներն անձնական չեն:

Պատերազմը փոխեց դրսում ապրող մեր հայրենակիցների մեղադրանքների ուղղվածությունը: Հիմա արդեն նրանք մեզ կշտամբում են, որ մենք լավ չենք պաշտպանել հայրենիքը: Վերջերս նրանցից մեկն ինձ գրեց, որ մենք՝ Հայաստանում ապրողներս, պատրաստ չենք մեր կյանքը զոհաբերել հանուն հայկական հողի: Չգիտեմ, գուցե նման խնդիր կա: Բայց եթե մարդը պատրաստ չէ զոհաբերել իր հարմարավետությունը, կոմֆորտը, ապա տարակուսելի է, թե ինչու է նա մյուսներից ավելի մեծ զոհաբերություններ պահանջում:

Թե ինչու են մարդիկ գնացել եւ մեծ թափով շարունակում գնալ, դա նրանց անձնական գործն է: Կեցցե մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքը: Որ նրանք ամբողջապես չեն կտրվել հայրենիքից եւ ունեն մտահոգություններ՝ դա բնական է եւ անգամ՝ խրախուսելի: Բայց որ մտահոգություններ արտահայտելու ձեւերի եւ բովանդակության հարցում պիտի լինեն որոշակի էթիկական սահմանափակումներ՝ դա նույնպես ակնհայտ է»:

Մանրամսան՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր