211652_close_icon
views-count1303 դիտում article-date 13:43 24-08-2022

Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է Եռակողմ հայտարարության դրույթները․ Թագուհի Թովմասյան

Ադրբեջանը կոպտագույն կերպով խախտում է միջազգային մարդասիրական իրավունքը, Եռակողմ հայտարարության դրույթները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյանը։

«Ահազանգ միջազգային հանրությանը

Ադրբեջանի հանցավոր վարչակազմը հերթական անօրինական որոշմամբ 2022թ․ հունվարից արգելել է Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի շրջաններում անհայտ կորած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց մարմինների որոնողական աշխատանքները՝ փորձելով հոգեկան տառապանքներ պատճառել համայն հայությանը։

2020թ․ նոյեմբերի 10-ի եւ 2021թ․ հունվարի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների հայտարարություններով ամրագրված է առաջնային կարեւորություն ունեցող հումանիտար խնդիրների հրատապ կարգավորումը, այդ թվում՝ «ռազմագերիների, պատանդների եւ պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակումը»: Սակայն Ադրբեջանը հերթական անգամ միակողմանիորեն ոտնահարում է միջպետական պայմանավորվածությունները՝ միաժամանակ հարվածելով նաեւ միջազգային մարդասիրական իրավունքի հիմնարար նորմերին, որոնք ամրագրված են «Պատերազմի զոհերի պաշտպանության  մասին»  Ժնեւի 1949թ.  չորս կոնվենցիաներում եւ «Միջազգային զինված կոնֆլիկտների զոհերի պաշտպանության վերաբերյալ» Ժնեւի 1949 թվականի օգոստոսի 12-ի կոնվենցիաներին կից՝ Ժնեւի՝ 1977 թվականի լրացուցիչ արձանագրությամբ, երկու լրացուցիչ արձանագրություններով, որոնք  զինված  հակամարտության  ժամանակ  մարդու  պաշտպանությանն  ուղղված  կանոնների  համակարգ  են։

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան անդամ պետությունների միջեւ ստեղծում է փոխադարձ նախաձեռնությունների եւ օբյեկտիվ պարտավորությունների համակցություն, եւ գործում է փոխադարձության սկզբունքը:   Ակնհայտ է միջազգային մարդասիրական իրավունքի դրույթների կատարման հրամայականը, ուստի հերթական դիմումներս եմ ուղղում միջազգային գործընկերներիս՝ դատապարտելու Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը եւ ձեռնարկելու համապատասխան միջոցառումներ՝ ի պաշտպանություն անհայտ կորած հայ զինծառայողների եւ քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքների հիմնարար իրավունքների։

Ադրբեջանի այս հանցավոր վարքագիծը օբյեկտիվ հարց է առաջացնում․ եթե Ադրբեջանը չի կատարում նույնիսկ միջազգային մարդասիրական իրավունքի պահանջները, ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը կյանքի կոչում Ի․Ալիեւի պահանջները։ Ադրբեջանի կողմից այս հումանիտար պահանջների չկատարումն իրականում ընդդիմանալու եւ պահանջատիրոջ դիրքերից հանդես գալու հնարավորություն է ընձեռում՝ ի պաշտպանություն հումանիտար իրավունքի։ Սակայն Նիկոլ Փաշինյանը անհասկանալի դրդապատճառներով չի անում»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր