211652_close_icon
views-count14553 դիտում article-date 18:40 24-08-2022

Աղավնո, վերջին հրաժեշտ. կադրեր՝ հազարավոր բառերից ավելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ամեն անգամ Բերձորով Արցախ գնալիս երևի բոլորս էլ ուշադրություն ենք դարձրել Աղավնոյի կարմիր կտուրներով տներին։ Բոլորս էլ ինչ-որ պահի երանի ենք տվել այդ սարերի-ձորերի արանքում այդպիսի տեսարան ունեցող սիրուն ու հարմարավետ տներում ապրողներին: Վերջին ժամանակները, սակայն, այնտեղ ապրողների համար, մեղմ ասած, «լավ» ժամանակներ չեն։ Օգոստոսի 25-ը վերջին օրն է, մարդիկ պետք է թողնեն իրենց տունն ու հեռանան․․․

Հաճախ լուսանկարչությունն անվանում են «համամարդկային լեզու», քանի որ լույսը ֆոտոխցիկի միջոցով կառավարելու արդյունքում ստացած պատկերները երբեմն պատմում են ավելին, քան հնարավոր է փոխանցել խոսքերի միջոցով։ Պարադոքսալ է, որ իրականության վիզուալիզացիայի միջոցով ստացված պատկերներն արդեն իրենք իրենցով դառնում են տվյալ ժամանակաշրջանի համր ու միևնույն ժամանակ այդքան խոսուն պատմիչները։

Իրականությունը պահի մեջ ֆիքսելու ու այդ պատկերներն աշխարհին տեսախցիկի միջոցով պատմելու նպատակով այցելել էինք Աղավնո՝ աշխարհից կտրված գողտրիկ այդ անկյունը, որը վերջին շրջանում խոշորացույցի տակ է հայտնվել։

Ռուս խաղաղապահները, որոնք արդեն մի քանի շաբաթ է անցակետ են դրել հենց գյուղի մուտքի մոտ ու ներս են թողնում միայն բնակիչներին ու նրանց հարազատներին, լրագրողների ու տեսաձայնագրող ապարատների նկատմամբ այնքան էլ բարեհաճ չեն, չնայած ադրբեջանական քարոզչամեքենայի գլխավոր դեմքերից մեկը, իրեն միջազգային լրագրող ներկայացնելով, հենց նրանց ուղեկցությամբ շատ էլ հանգիստ նկարեց գյուղն ու այնտեղ ապրողներին։

Աղավնոյի բնակիչներն այս օրերին սակավախոս են։ Շատերը զբաղված են տներից իրենց վերջին իրերը դուրս բերելով ու հայրենի գյուղին հրաժեշտի լուռ խոսքեր ասելով։ Ծանր լռությունը երբեմն խախտվում է Աղավնո գետում խաղացող երեխաների ձայներով։ Նրանցից ամենափոքրերը գուցե չեն էլ գիտակցում, որ օրեր անց այլևս չեն լսելու հարազատ գետի ձայնն ու չեն կարողանալու ամռան տոթին զովանալ գետի սառնորակ ջրում։ Դեռահասները, որոնք քիչ թե շատ հասկանում են իրենց շուրջ տեղի ունեցող դեպքերը, փորձում են հիշողության մեջ դաջել պահի ջերմ վայրկյանները․․․

Գետից բարձրանում ես վերև և կրկին Աղավնոյի կարմիր տանիքներով տներն են, իսկ տներից դուրս՝ բեռնատարներում իրենց իրերը տեղավորող մարդիկ, ում համար ամենաթանկարժեքն ու կարևորը երբեք որևէ բեռնատարում չի կարողանա տեղավորվել․․․

Հոգին տակնուվրա անող տեսարաններ են, մի կողմից՝ դատարկվող տներ, մյուս կողմից էլ պատերին «Մենք նորից վերադառնալու ենք, ու ապրելու են Աղավնոյում» գրություններ։ Հույսը չես կարող խլել մարդկանցից...

 

Մինչ Աղավնոյի բնակիչները վերջին իրերն են դուրս բերում տներից, Ավետիսը սովորականի նման խաղում է հարազատ գյուղում

 

Աղավնոյի բնակիչ կանայք փորձում են տանից հեռանալիս ոչինչ չմոռանալ, անգամ՝ հայելին

 

Վերջին օրերին Աղավնոն զրկվել էր նաև մշտական էլեկտրականությունից․ գյուղապետ Անդրանիկ Չավուշյանը միացնում է այդ օրերի էլեկտրականության միակ այլընտրանքը՝ հոսանքի գեներատորը

 

Աղավնոյում բնակվող այս ընտանիքը, ի թիվս այլ իրերի, տեղափոխում է նաև տան դաշնամուրը

 

Աղավնոյից հեռացող այս կնոջ պատգամը մեկն էր՝ «Ես ուզում եմ խաղաղ ապրել»

 

Այս օրերին Աղավնոյում բեռնատարներ կարող ես հանդիպել ամեն քայլափոխի

 

Իր առաջին քայլերն անող փոքրիկը փորձում է հասկանալ, թե ինչու են այրվում իրենց տան իրերը

 

Աղավնոյի բնակիչները նախընտրում են այրել սեփական տան այն իրերը, որոնք չեն կարող տեղափոխել

 

Բնակիչներից մեկը գլուխն ափերի մեջ առած լաց էր լինում տան պատի տակ

 

Շունը հայացքով հետևում է, թե ինչպես են հարազատ դարձած մարդիկ հեռանում գյուղից

 


Աղավնոյի դպրոցը սեպտեմբերին 1-ին հայ երեխաների չի դիմավորի

 

Գյուղից հեռանալիս՝ վերջին անգամ երևում են Աղավնոյի այդքան գեղեցիկ կարմիր կտուրները





Լուսանկարները` Տաթև Դուրյանի

 

Նմանատիպ նյութեր