211652_close_icon
views-count1353 դիտում article-date 22:57 10-09-2022

Այնպես չէ, որ պետք է շենք սարքես, ասֆալտապատես, որ կրթության որակը դրանից բարձրանա. «Առերեսում»․ «Առավոտ»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի ռազմավարությունը» դեռ չի հաստատվել ԱԺ-ի կողմից եւ օրենքի ուժ չի ստացել։ Սակայն խորհրդարանական երկրում, ԱԺ-ի դեռևս չհաստատված նախագիծը, վարչապետը կառավարության նիստում ներկայացրեց որպես արդեն իսկ իրողություն՝ խոսելով, մասնավորապես ստեղծվելիք 100 տոկոսով պետական ֆինանսավորմամբ 5-8 բուհերի եւ դրանք ժամանակի ընթացքում ակադեմիական քաղաք տեղափոխելու մասին, որը կառուցվելու է Աշտարակում:

Թեեւ ԱԺ-ում ունեցած մեծամասնությունը վստահություն է ներշնչում, որ այդ ծրագիրը եւս դակելու են՝ այնուամենայնիվ, անդրադառնալով այս փաստին «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանն ասաց. «Ես շատ կուզենամ, որ այդ ծրագիրը հաստատվի ԱԺ-ում, քանի որ այնտեղ իսկապես շատ լավ բաներ կան գրված: Բայց, իհարկե, անիրականանալի՝ ներկա իրավիճակը հաշվի առնելով: Ամենաակնառու բանը՝ գրված է, որ մինչեւ 2030 թվականը Հայաստանից առնվազն 4 բուհ պիտի ընդգրկվի աշխարհի լավագույն 500 բուհերի ցանկում: Ուրեմն, ուզում եմ այն մարդկանց, որոնք այդ նախագիծը գրել են՝ ասել. դա նշանակում է, որ մեր բուհերը պետք է ունենան շատ բարձր չափանիշներ:

Մասնավորապես՝ բուհերում աշխատող դասախոսների հոդվածները պետք է տպագրվեն աշխարհի լավագույն պարբերականներում՝ բարձր վարկանիշ ունեցող: Այդ համալսարաններում հետազոտության մասն ավելի շատ պետք է լինի, քան կրթական մասը, այսինքն՝ դրանք պետք է լինեն հետազոտական համալսարաններ: Եվ ամենակարեւորը՝ այդ բուհերի բյուջեն պետք է համեմատական լինի ՀՀ այսօրվա պետբյուջեին»: Հավելեց. «Հիմա պետք է մտածել՝ գոնե մեկ բուհ այդ չափանիշներին համապատասխանեցնելու մասին: Ուղղակի չգիտեմ՝ այդքան ֆինանսավորում որտեղի՞ց կարելի է գտնել, քանի որ հետազոտական համալսարանն առաջին հերթին նշանակում է, այո, գիտության եւ կրթության փոխկապակցումը եւ շատ բարձր ֆինանսավորումը: Ցավոք սրտի նման բան Հայաստանում, մանավանդ հետպատերազմյան այս իրավիճակում դժվար թե հնարավոր լինի»:

Հաղորդման մյուս հյուրը՝ պատմաբան, կրթության փորձագետ Վանո Կարապետյանը համոզմունք հայտնեց. «Մեր երկիրը ուշ թե շուտ գնալու է բուհերի խոշորացմանը՝ դա պետք է»: Որպես դրան նպաստող գործող՝ նա հիշատակեց ժողովրդագրական խնդիրների հետեւանքով դիմորդների թվաքանակի անկումը: «Բայց խոշորացման այն մոդելը, որ իրենք են առաջարկում՝ այնքան էլ չեմ կիսում իրենց տեսակետը: Մեր պետության ֆինանսական վիճակն այն աստիճանի չէ, որ… ճիշտ է, անխոս՝ համաձայն եմ, որ պետք է անընդհատ շատացնեն ներդրումները կրթության ոլորտում: Բայց կարծում եմ՝ դա այս պահին հրատապ չի: Ավելի լավ կլինի՝ այս պահին այդ գումարներն ուղղեն գիտահետազոտական հիմնարկների կարողություններն ընդլայնելուն»: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր