211652_close_icon
views-count3487 դիտում article-date 19:56 14-09-2022

Կոչ ենք անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին. ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի հայտարարությունը՝ Հայաստանի հանդեպ Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիայի կապակցությամբ

2022 թ. սեպտեմբերի 13-ից ադրբեջանական զինված ուժերը, կիրառելով տար­բեր զինատեսակներ, այդ թվում՝ ծանր հրետանի, ականանետներ ու անօդաչու թռչող սարքեր, զանգվածային կրակ են բացել ՀՀ Սյունիքի, Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի տարածք­ներում տեղակայված հայկական զինված ուժերի և բազմաթիվ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ՝ պատճառելով մարդկային ու նյութական կորուստներ, առանձին հատ­ված­ներում փորձել ներթափանցել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք։
 
Այդ հերթական արգեսիվ քայլով մեկ անգամ ևս պարզ է դառնում, որ Ադրբեջանը ոչ միայն նպատակ չունի առաջնորդվել 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարա­րութ­յան դրույթներով, այլև, օգտվելով ռուս-ուկրաինական առճակատման հետևանքով աշխարհում ստեղծված ներկա բարդ ռազ­մաքաղաքական իրավիճակից, ձգտում է բռնազավթել ՀՀ տարածքը՝ երբեմնի հայկական Նախիջևանի հետ ցամաքային միջանցք հաս­տատելու պատճառաբանությամբ։
 
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան դիմում է համաշխարհային հանրութ­յանը՝ պահանջելով ձեռնպահ մնալ անհասցե հայտարարություններից և խստորեն դատապարտել Ադրբեջանի հերթական ագրեսիան Հայաստանի նկատմամբ ու ձեռնարկել իրական միջոցներ իրա­վիճակը կայունացնելու ուղղությամբ։
 
ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան իր պատրաստակամությունն է հայտնում հնարա­վոր բոլոր միջոցներով աջակցելու հայրենի երկրի պաշտպանության գործին և,  խիստ կարևորելով ներկա պահին ազգային համերաշխության անհրաժեշտությունը, կոչ է անում հանրության բոլոր ուժերին թիկունք լինել Հայոց բանակին, միասնաբար հանդես գալ թշնամու դեմ, զինվել հայրենի հողի, Հայոց պետականության պաշտ­պանության վճռականությամբ և հաղթանակի հավատով։               
ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման 
և հասարակայնության հետ կապերի բաժին

Նմանատիպ նյութեր