211652_close_icon
views-count5476 դիտում article-date 09:37 22-09-2022

«Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել, և Ռուսաստանից բացի ոչ ոք հակամարտություն չէր փնտրում»․ Բայդեն. «Ամերիկայի ձայն»

«Ոչ ոք չի սպառնում Ռուսաստանին, բացի հենց Ռուսաստանից»,- չորեքշաբթի ասել է նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանում։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Նախագահը մեղադրել է Ռուսաստանին Ուկրաինա ներխուժման, ՄԱԿ-ի անդամակցության հիմնարար սկզբունքները խախտելու մեջ և հայտարարել, որ Մոսկվան անպատասխանատու կերպով սպառնում է միջուկային զենք կիրառել։

Բայդենը քննադատել է Վլադիմիր Պուտինին չհրահրված պատերազմ սկսելու համար։

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամը ներխուժեց ինքնիշխան պետություն՝ փորձելով ջնջել այն աշխարհի քարտեզից։ Ռուսաստանը անամոթաբար խախտել է ՄԱԿ-ի կանոնադրության հիմնական դրույթները, ասել է Բայդենը։ «...Այսօր նախագահ Պուտինը բացահայտ սպառնալիքներ է հնչեցրել միջուկային (զենքեր) (օգտագործելու) մասին, ինչը չտարածման ռեժիմի պարտավորությունների անխոհեմ արհամարհում է»։

Ամերիկայի նախագահը հիշեցրել է, որ «միջուկային պատերազմում հնարավոր չէ հաղթել»։

Բայդենն ասել է, որ «Կրեմլը կազմակերպում է կեղծ հանրաքվեներ՝ փորձելով անեքսիայի ենթարկել Ուկրաինայի մասերը, ինչը ՄԱԿ-ի կանոնադրության ծայրահեղ լուրջ խախտում է», և որ Պուտինը դա հիմնավորել է՝ ասելով, որ «Ռուսաստանին սպառնացել են»։

Նախագահն ընդգծել է, որ դա ճիշտ չէ. «Ռուսաստանին ոչ ոք չի սպառնացել, և ոչ ոք, բացի Ռուսաստանից, հակամարտություն չի փնտրել։ Փաստորեն, մենք զգուշացրել ենք, որ դա լինելու է»։

Բայդենը նաև նշել է, որ ԱՄՆ-ը ցանկանում է, որ այս պատերազմն ավարտվի։ Բայց ոչ ոք իրավունք չունի ուժով տարածք խլել ինքնիշխան պետություններից։

«Հետևաբար, այն երկրները, որոնք ընտրել են պաշտպանել այն սկզբունքներն ու համոզմունքները, որոնք մենք պարտավոր ենք պաշտպանել որպես Միավորված ազգերի կազմակերպության անդամներ, պետք է հաստատակամ և անսասան լինեն՝ աջակցելու Ուկրաինային, որն ունի նույն իրավունքները, ինչ ցանկացած ինքնիշխան երկիր, որը կանգնած է Ուկրաինայի կողքին ընդդեմ ռուսական ագրեսիայի»,- պարզաբանել է Սպիտակ տան ղեկավարը։

«Միացյալ Նահանգները մեր դաշնակիցների և գործընկերների հետ անում է ամեն ինչ, որպեսզի Ռուսաստանը զգա իր գործողությունների գինը, պաշտպանում է ՆԱՏՕ-ի երկրների տարածքը հնարավոր հարձակումներից, ինչպես նաև պատասխանատվության կենթարկի Ռուսաստանին վայրագությունների և պատերազմական հանցագործությունների համար»: «Եթե երկրները կարողանան բավարարել իրենց կայսերական նկրտումները առանց հետևանքների (իրենց համար), ապա մենք կվտանգենք այն ամենը, ինչ դրվել է ՄԱԿ-ի հիմքում… Մենք համերաշխ ենք Ուկրաինայի հետ»:

«Մինչդեռ Ռուսաստանը ստեր է տարածում՝ փորձելով պարենային ճգնաժամի մեղքը բարդել աշխարհի շատ երկրների կողմից սահմանված պատժամիջոցների վրա՝ Ուկրաինայի դեմ ագրեսիայի համար»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։ «Այժմ մի բան պարզաբանեմ. մեր պատժամիջոցներն ուղղակիորեն թույլ են տալիս Ռուսաստանին արտահանել պարենամթերք և պարարտանյութ՝ առանց սահմանափակումների։ Ռուսաստանի պատերազմն է, որ սրում է պարենային անվտանգությունը, և միայն Ռուսաստանը կարող է վերջ տալ դրան»:

Գլխավոր ասամբլեայի այս տարվա նստաշրջանն ընթանում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի, պարենային ճգնաժամի, գնաճի և գազի մատակարարումների խափանումների պայմաններում։

Նմանատիպ նյութեր