211652_close_icon
views-count1558 դիտում article-date 21:27 04-10-2022

Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են. Ռուստամ Բաքոյան

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը հոկտեմբերի 4-ին հանդիպել է Հյուսիսային Իրաքի Շանգալ շրջանի ներկայացուցիչների հետ:

Ողջունելով հյուրերին Հայաստանի Ազգային ժողովում՝ նա կարեւորել է համագործակցությունն աշխարհի բոլոր եզդիական համայնքների հետ: Հանձնաժողովի փոխնախագահը մանրամասն ներկայացրել է Հայաստանի եզդիական համայնքի վիճակը, նրանց խնդիրները:

«Եզդիները Հայաստանի լիիրավ քաղաքացիներ են»,-ասել է Ռուստամ Բաքոյանն ու հավելել, որ Հայաստանում առկա են բոլոր պայմանները՝ եզդիական ինքնությունը պահպանելու համար:

Նա նաեւ կարեւորել է այն հանգամանքը, որ իր նախաձեռնությամբ ընդունվել է ազգային փոքրամասնությունների օրվա մասին օրենք. այն նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը: Պատգամավորի նախաձեռնությամբ ընդունված երկրորդ օրենքով եզդիները հնարավորություն ունեն տարվա մեջ 4 օր արձակուրդ վերցնելու եւ մասնակցելու եզդիական տոներին:

Ռուստամ Բաքոյանը խոսել է ներհամայնքային խնդիրներից, նշել, որ Հայաստանի կառավարության ուշադրության կենտրոնում են եզդիական համայնքին հուզող հարցերը:

«Հայաստանում եզդիներն ապրում են այնպես, ինչպես հայերը»,-նշել է ԱԺ պատգամավորը:

Ազադ Ջունդին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շեշտադրել է Հայաստանի եւ Իրաքի եզդիների համագործակցության անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է Հյուսիսային Իրաքում ապրող եզդիների վիճակին: Նշվել է, որ շուրջ 600.000 եզդի փախստականի վիճակը՝ սոցիալապես եւ քաղաքականապես, ծայրահեղ ծանր է:

«Մենք ցանկանում ենք, որ Շանգալի եզդիների ձայնը լսելի լինի ամբողջ աշխարհում նաեւ Ձեր միջոցով»,- ասել է Ազադ Ջունդին:

Նրա հավաստմամբ՝ մեծ պատիվ է Հայաստանի օրենսդիր իշխանությունում եզդի պատգամավոր ունենալը, ով բարձրաձայնում է եզդիական համայնքին հուզող հարցերը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ներհամայնքային բազմաթիվ այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր