211652_close_icon
views-count1898 դիտում article-date 23:59 09-11-2022

Ամերիկացի դերասան Շոն Փենը Զելենսկիին նվիրել է իր «Օսկարը»

Հոլիվուդյան դերասան Շոն Փենը Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Փենը Զելենսկիին նվիրել է իր «Օսկար» արձանիկը` Ամերիկյան կինոակադեմիայի գլխավոր մրցանակը: Դերասանը նվերն անվանել է Ուկրաինայի հաղթանակի նկատմամբ հույսի ու հավատի խորհրդանիշ։ Գրում է «Ազատությունը»։

Վլադիմիր Զելենսկին պատասխանել է, որ խաղաղ ժամանակ, երբ ինքը արտիստ էր, «Օսկարը» իր երազանքն էր, բայց խոստացավ, որ պատերազմում Ուկրաինայի հաղթանակից հետո արձանիկը անձամբ կվերադարձնի տիրոջը։

Զելենսկին նաև Փենին պարգևատրել է շքանշանով՝ ուկրաինացի ժողովրդին ցուցաբերած աջակցության համար։

Սա Շոն Փենի երրորդ այցն է Կիև պատերազմի սկզբից ի վեր։ 2021 թվականի աշնանը նա սկսեց վավերագրական ֆիլմ նկարահանել Ուկրաինայում քաղաքական պայքարի մասին և չդադարեց նկարահանումները ռուսական ռազմական ներխուժման սկսվելուց հետո։ Նա մեկնել է Միացյալ Նահանգներ միայն 2022 թվականի մարտին: Հետո նա ամռանը վերադարձավ երկիր՝ շարունակելու նկարահանումները։ Իր հարցազրույցներում Փենը բազմիցս աջակցություն է հայտնել ուկրաինացի ժողովրդին և դատապարտել ռուսական ագրեսիան՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին ընդլայնել ռազմական օգնությունն Ուկրաինային։

Շոն Փենը ամերիկացի դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր է։ Նա 2004 թվականին «Խորհրդավոր գետ» և «Հարվի Միլք» ֆիլմերում գլխավոր դերերի համար արժանացել է 2 «Օսկար» մրցանակի՝ 2009 թվականին։ Բացի այդ, Փենը մեր ժամանակների ամենատիտղոսակիր դերասաններից է. նա մրցանակներ է ստացել Կաննի, Վենետիկի, Բեռլինի փառատոններում։ Փենը քաղաքական ակտիվիստ է, երկար տարիներ քարոզարշավ է իրականացրել հանուն քաղաքացիական ազատությունների:

Նմանատիպ նյութեր