211652_close_icon
views-count1370 դիտում article-date 12:42 22-11-2022

Հունվարի 1-ից ջուրը կթանկանա՞, թե՞ չի թանկանա մոտ 8,4 դրամով. ՀԾԿՀ-ն ավարտել է հաշվարկները

Հունվարի 1-ին ջրի սակագինը կարող է թանկանալ 8,5 դրամով: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրել է «Վեոլիա ջուր» ընկերության սակագները բարձրացնելու հայտը եւ իր հաշվարկներն է ներկայացրել։ Հանձնաժողովի որոշման նախագիծը արդեն ներառված է Հանձնաժողովի նոյեմբերի 29-ի նիստի օրակարգում:

Ըստ այդմ, Հանձնաժողովն առաջարկում է թվականի հունվարի 1-ից մեկ խմ ջրի սակագինը սահմանել 208.42 դրամ՝ գործող 200-ի փոխարեն։

«Վեոլիա ջուր» ընկերությունն առաջարկել էր բոլոր խմբերի համար սակագինը սահմանել 209 դրամ, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Մյուս սպառողների համար սակագինը կսահմանվի 208.42 դրամ։

Նշենք, որ դեռեւս այս տարվա օգոստոսին ՀԾԿՀ նախագահ Գարեգին Բաղրամյանը տեղեկացրել էր, որ «Վեոլիա ջուրն» առաջարկում է  սակագնի ավելացում 8-9 դրամով։ Նա նշել էր, որ դեռ փաստ չէ, որ սակագինը սպառողների համար կբարձրանա՝ կառավարությունը մտադիր է սուբսիդավորել ավելացող մասը․ «Քանի որ աննախադեպ սղաճ է եղել, որը պլանավորված չէր, ամենայն հավանականությամբ՝ սղաճի տարբերության չափը կարող է փոխհատուցվել, սուբսիդավորվել՝ գինը պահելու նպատակով»,-ասել էր նա:

Հիշեցնենք, որ դեռեւս 2018-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստացել էր, որ մինչև 2024 թվականը Հայաստանում խմելու ջուրը չի թանկանալու։

Այս առնչությամբ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել է, որ խմելու ջուրը մինչև 2024թ․ քաղաքացիների համար չի թանկանա: «Հունվարի 1-ից խմելու ջրի մոտ 9 դրամ թանկացման վերաբերյալ լրատվամիջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ տեղեկացնում ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն արդեն ավարտել է «Վեոլիա ջրի» հայտի ուսումնասիրությունը և մինչև նոյեմբերի վերջ կայանալիք նիստում պետք է որոշում կկայացնի։ Անկախ ՀԾԿՀ վերջնական որոշումից, Կառավարությունն անհրաժեշտության դեպքում համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Այսինքն մինչեւ 2024 թվականը խմելու ջուրը քաղաքացիների համար չի թանկանա»,-  ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր