211652_close_icon
views-count1402 դիտում article-date 22:19 25-11-2022

Ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու, ոչ թե մեկուսացման ոգով. Մարիա Կարապետյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանում:

Ելույթում մասնավորապես ասվում է.

«Հարգելի գործընկերներ,

Անվտանգության և տնտեսության միջև կապն այս տարի նոր կարևորություն է ձեռք բերել ողջ աշխարհի և այս խորհրդարանական վեհաժողովի համար։

Ես ցանկանում եմ խոսել Հարավային Կովկասի մասին: Հայաստանը մի երկիր է, որն արդեն երեք տասնամյակ է, ինչ գտնվում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից տնտեսական շրջափակման մեջ։

Նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որով ավարտվեց 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմը, հատուկ կետ ունի՝ նվիրված Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը։ Այդ կետը հույս է ներշնչում, որ Ադրբեջանն իսկապես կշրջի հակամարտության էջը, ինչպես հաճախ պնդում է, և կսկսի համագործակցության դարաշրջան Հարավային Կովկասում։

Ադրբեջանը մինչ այժմ դանդաղեցրել է բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման գործընթացը և պահանջում է Հայաստանի տարածքով հատուկ կապ` հատուկ միջանցք, ինչպես իրենք են այն անվանում` առանց Հայաստանի անվտանգային և մաքսային վերահսկողության:

Այդ պահանջն արդարացնելու համար Ադրբեջանը վկայակոչում է նույն նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ հիշատակված Լաչինի միջանցքը. այն միջանցքը, որը Հայաստանն օգտագործում է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխելու համար։ Լաչինի միջանցքը, իրապես, ոչ թե ճանապարհ է, այլև հատուկ մարդասիրական միջանցք։ Այն ունի 5 կմ լայնություն և ձգվում է մինչև Լեռնային Ղարաբաղ, ուրիշ ոչ մի այլ տեղ: Այն փակ միջանցք է։

Լաչինի միջանցքն օգտագործվում է բացառապես Հայաստանից Լեռնային Ղարաբաղ ապրանքներ և մարդասիրական օգնություն տեղափոխելու նպատակով։ Լեռնային Ղարաբաղի հայերը շրջապատված են սեփական պաշտպանական ուժերով և ռուս խաղաղապահներով։ Վերջին երկուսն այնտեղ են միայն այն պատճառով, որ Լեռնային Ղարաբաղում հայերը ադրբեջանական բանակի կողմից գտնվում են շրջափակման մեջ:

Հետևաբար, Լաչինի միջանցքը ոչ թե տնտեսական նախագիծ է, այլև մարդասիրական միջանցք է Լեռնային Ղարաբաղի հայերի կենսապահովման համար:

Հիմա վերադառնալով Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակմանը՝ կցանկանայի նշել, որ Հայաստանը պատրաստ է բացել իր բոլոր ճանապարհները, ընդգծում եմ՝ բոլոր ճանապարհները և ապահովել դրանց օգտագործումն Ադրբեջանի կողմից։

Ադրբեջանը հայտարարել է, որ Ադրբեջանի քաղաքացիները կարող են վախենալ Հայաստանի ճանապարհներով անցնելուց և Հայաստանի սահմանային և մաքսային ծառայողների հետ շփումից։

Թեև մենք դեմ չենք սահմանային ու մաքսային ծառայության տրամադրումը արտապատվիրակելուն մեկ այլ՝ երրորդ կողմի, մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, եթե ադրբեջանցի ծառայողները վերահսկեն Ադրբեջանի սահմանը, իսկ հայ ծառայողները՝ Հայաստանի սահմանը:

Եվ ամենակարևորը՝ բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հակամարտությունը դադարեցնելու և համագործակցություն սկսելու ոգով և ոչ թե մեկուսացման ոգով:

Շնորհակալ եմ»:

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր