211652_close_icon
views-count912 դիտում article-date 20:32 25-11-2022

Վարչապետն ընդունել է ԵՄ Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության տնօրենին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության Ռուսաստանի, Արևելյան գործընկերության, Կենտրոնական Ասիայի, տարածաշրջանային համագործակցության և ԵԱՀԿ հարցերով կառավարող տնօրեն Միխայել Զիբերթին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Արդյունավետ գնահատելով ՀՀ-ԵՄ գործընկերությունը՝ վարչապետը կարևորել է ԵՄ օժանդակությունը մեր երկրում բարեփոխումների իրականացման գործընթացին և նշել, որ ՀՀ կառավարությունը հանձնառու է շարունակելու ժողովրդավարական ռեֆորմները: ՀՀ վարչապետն իր գոհունակությունն է հայտնել ս.թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի անցկացման կապակցությամբ և այդ համատեքստում հիշատակել գագաթնաժողովի շրջանակում իր, Ադրբեջանի նախագահի, Ֆրանսիայի նախագահի և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպումը:

Միխայել Զիբերթը նշել է, որ ԵՄ գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարությունն առաջընթաց է արձանագրում, ինչի մասին վկայում են տարբեր ոլորտներում բարեփոխումները, քաղաքացիական հասարակության ակտիվ գործունեությունը, և ԵՄ-ն կշարունակի աջակցել մեր երկրին այդ գործընթացում: ԵՄ բարձրաստիճան պաշտոնյան շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի մասով բարձր գնահատականի համար՝ նշելով, որ դիտարկվում է այն շարունակական դարձնելու գաղափարը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Եվրամիություն գործընկերությանը, տարածաշրջանային անվտանգությանը, Արևելյան գործընկերության ծրագրին վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության գործունեության շուրջ:

 

Նմանատիպ նյութեր