211652_close_icon
views-count1418 դիտում article-date 22:21 29-11-2022

Հայկական հեռուստաընկերությունների ղեկավարները հուշագիր են ստորագրել «Ադամյան» մրցանակաբաշխության ստեղծման մասին

Հայկական հեռուստատեսության աշխատակցի օրը՝ նոյեմբերի 29-ին,  հիմնադրվել է «Ադամյան» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կպարգևատրի ոլորտի լավագույններին ու հանրությանը կներկայացնի հայկական հեռուստատեսության ձեռքբերումները։ 

Այս մասին հայտնում են Հանրային հեռուստաընկերությունից, նշելով, որ մրցանակաբաշխության ստեղծման հուշագիրը Երևանի հեռուստաաշտարակի տարածքում կնքել են հայկական հեռուստաընկերությունների ղեկավարները: 

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրանը Հակոբյանը, շնորհավորելով հեռուստատեսության ոլորտի աշխատակիցներին, նշել է.

«Այս մրցանակաբաշխությունը կպատվի ոլորտի նվիրյալներին, կընտրի լավագույններին, կխթանի մրցակցությունը եթերում և կբարձրացնի հեռուստաբովանդակության որակը»:

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորել է այս կարևոր նախաձեռնության շուրջ բոլոր հեռուստաընկերությունների համաձայնությունը.

«Բավականին երկար ժամանակ համագործակցելով՝ մենք, իսկապես, կարողացանք հաղթահարել տարաձայնությունները: Եվ այսօր կարողանում ենք միասին նշել այս տոնական օրը ու հիմնադրել հեռուստատեսության ոլորտի նոր մրցանակաբաշխություն»: 

Մրցանակաբաշխությունն իր անունը ստացել է գունավոր հեռուստատեսության գյուտի հեղինակ Հովհաննես Ադամյանի պատվին։ Դրան մասնակցելու են հայալեզու բոլոր հեռուստաընկերությունները՝ այդ թվում մարզային սփռում ունեցողները և սփյուռքում գործողները:

Հայկական հեռուստատեսության աշխատակցի օրն այս տարի նշվում է առաջին անգամ։ Այն սահմանվել է ՀՀ կառավարության որոշմամբ` Հանրային հեռուստաընկերության նախաձեռնությամբ՝ հաշվի առնելով, որ հենց 1956 թվականի նոյեմբերի 29-ին է տրվել Հայկական հեռուստատեսության մեկնարկը։ 

Ստորև ներկայացնում ենք հեռուստաընկերությունների հուշագրի տեքստը. 

«1956 թվականին տրվեց հայկական հեռուստատեսության մեկնարկը, իրադարձություն, որին սպասում էին բոլորը: Նորքի բարձունքում կառուցվեց առաջին հեռուստաաշտարակը, որը հայկական հեռուստատեսությունը սփռեց ամենուր։ Հաջորդող տարիներին հեռուստատեսությունն անցավ զարգացման բարդ փուլերով ու կայացավ որպես մի նոր անփոխարինելի ոլորտ։ 1991 թվականին անկախացած Հայաստանի Հանրապետությունն իր հետ բերեց նոր հնարավորություն․ գործող միակ հեռուստաընկերության կողքին ծնվեցին նորերը՝ իրենց նոր խոսքով, նոր ասելիքով և նոր գույներով։  Հայկական հեռուստաալիքները դարձան Հայկական հեռուստատեսության ստեղծած ավանդույթների ու գործի շարունակողը՝ հավատարիմ մնալով իրենց կոչմանը, գիտակցելով մեծ պատասխանատվությունը։ Մինչև օրս հեռուստաընկերությունները տրամադրում են բազմակողմանի ու արժանահավատ տեղեկատվություն, գեղագիտական ճաշակ թելադրում ու կրթական մակարդակը բարձրացնում՝ որպես Չորրորդ իշխանություն նպաստելով Հայոց պետականության կայացմանն ու հզորացմանը։ Քանի որ այս տարի առաջին անգամ պաշտոնապես նոյեմբերի 29-ը նշվում է որպես Հայկական հեռուստատեսության աշխատակցի օր, մենք՝ ներքոստորագրյալներս,  հայտարարում ենք, որ հիմնադրում ենք «Ադամյան» մրցանակաբաշխությունը, որն ամեն տարի կպարգևատրի ոլորտի լավագույններին ու հանրությանը կներկայացնի հայկական  հեռուստատեսության ձեռքբերումները»։

Նմանատիպ նյութեր