211652_close_icon
views-count1742 դիտում article-date 17:27 09-12-2022

Սևանա լճից դուրս են բերվում բոլոր տեսակի լողամիջոցները և որսագործիքները

Կապված Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի հետ՝ լճից դուրս են բերվում բոլոր տեսակի  լողամիջոցներն ու որսագործիքները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Կարեն Մնացականյանը, Սեւանա լճում, համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարի համապատասխան հրամանի, արդյունագործական ձկնորսության արգելքի ժամանակահատված է սահմանված 2022 թվականի դեկտեմբերի 15-ից 2023 թվականի հունվարի 20-ը, այժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում՝ հրամանից բխող միջոցառումներն ամբողջությամբ իրականացնելու համար։

«Սեւանա լճից դուրս են բերվում բոլոր լողամիջոցներն ու որսագործիքները, հսկողություն է սահմանվում Սեւանա լիճ տանող ճանապարհներին եւ մայրուղիներում, մարզի եւ մայրաքաղաքի շուկաներում, վաճառքի այլ կետերում։ Միջոցառումն իրականացվում է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ Բնապահպանության եւ  ընդերքի տեսչական մարմնի, Գեղարքունիքի մարզպետարանի, «Սեւան Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչների համատեղ ուժերով։

Հսկողություն եւ շրջայցեր են իրականացվելու նաեւ Սեւանա լճի վրա։ Փորձում ենք մինչեւ արգելքի  խստացված ռեժիմին անցնելը՝ դեկտեմբերի 15-ը, Սեւանա լիճն ամբողջությամբ ազատել լողամիջոցներից եւ որսագործիքներից, հիմնովին դադարեցնել ձկնորսների մուտքը լիճ։  Նրանք, ովքեր ըմբռնումով չեն մոտենա նախարարի հրամանի կատարմանը, պատասխանատվություն կկրեն օրենքի առաջ։ Համատեղ ուժերով անելու ենք հնարավորը, որպեսզի արդյունագործական ձկնորսության ժամանակավոր արգելքի մասին հրամանը, կապված Սեւանա լճում սիգ ձկնատեսակի ձվադրության ժամանակահատվածի հետ, կատարվի ամբողջությամբ»,- ներկայացրեց Կարեն Մնացականյանը։

Նմանատիպ նյութեր