211652_close_icon
views-count1041 դիտում article-date 23:35 16-12-2022

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առևտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում

Հարկային վարչարարության իրականացման ընթացքում կուտակված բազմաթիվ հարցեր լուծելու նպատակով Կառավարությունը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում եւ կից ներկայացված օրենքների նախագծերում: Այս մասին դեկտեմբերի 16-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը:

Նախաձեռնությամբ առաջարկվում է կանոնակարգել էլեկտրոնային առեւտրին առնչվող հարաբերությունները ԵԱՏՄ շրջանակում: «Այսօր էլեկտրոնային հարթակի միջոցով առեւտրի մասով ավելացված արժեքի հարկ ՀՀ տարածքում չի գոյանում»,- ընդգծել է զեկուցողը եւ հավելել. «Պատճառն այն է, որ էլեկտրոնային հարթակի ոչ ռեզիդենտ սեփականատերը հանդես է գալիս որպես փոխադրող, չի ներմուծում ապրանքը ՀՀ տարածք եւ էլեկտրոնային առեւտրի առանձնահատկություններով պայմանավորված` ավելացված արժեքի հարկ մեր երկրի տարածքում չի գոյանում»: Ռուստամ Բադասյանի խոսքով միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ երկրները որդեգրում են սպառող երկրի կանոնը: Փոփոխություններով սահմանվում է, որ եթե ԵԱՏՄ տարածքում էլեկտրոնային հարթակներից առեւտուր իրականացնելիս ապրանքը ձեռք է բերում ՀՀ ռեզիդենտ ֆիզիկական անձը, ապա ՀՀ տարածքում պետք է գոյանա ավելացված արժեքի հարկը:

Նշվել է, որ ԵԱՏՄ անդամ երկրներից նման կարգավորումներ ունեն Ղազախստանն ու Բելառուսը:

Անդրադառնալով ավտոմեքենաների օտարման գործարքում նախագծով առաջարկվող փոփոխություններին` զեկուցողը տեղեկացրել է, որ ֆիզիկական անձանց միջեւ ավտոմեքենաների օտարման գործարքների դեպքում եկամտային հարկի փոխարեն կսահմանվի պետական տուրք, եւ դրա գանձումը կվերապահվի ՀՀ ոստիկանությանը:

Ռուստամ Բադասյանն ընդգծել է, որ հարկային բեռի որեւէ փոփոխություն տեղի չի ունենում. վճարվող պետական տուրքը հաշվարկվելու է ավտոմեքենայի շարժիչի յուրաքանչյուր ձիաուժ հզորության համար 150 դրամ:

Սահմանվել է նաեւ «անալիտիկ հաշվառման» հասկացությունը:

Հաջորդ փոփոխությունը միտված է ընդհանուր հարկման դաշտում գործող հարկ վճարողների համար հավասարության ապահովմանը: Հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար շահութահարկի դրույքաչափն առաջարկվել է սահմանել 23 տոկոս:

Պատասխանելով պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի հարցին` Ռուստամ Բադասյանը պարզաբանել է, որ նախաձեռնությամբ էլեկտրոնային հարթակի միջոցով ապրանք պատվիրող անձի համար որեւէ բեռ չի սահմանվում. ավելացված արժեքի հարկ վճարելու պարտականություն ունենալու է էլեկտրոնային հարթակը: Օրինակ` եթե ՀՀ քաղաքացին գնում է կատարում ՌԴ-ում գործող էլեկտրոնային հարթակից, ապա վերջինս այսուհետ պարտավոր է լինելու ավելացված արժեքի հարկ հաշվարկել եւ վճարել ՀՀ-ում, ինչը հավելյալ եկամուտներ կապահովի բյուջեում:

Գլխադասային` Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակցությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Ծովինար Վարդանյանը: Նա կարեւորել է առաջարկվող բովանդակային փոփոխությունները:

Նախաձեռնությունն ընդունվել է առաջին ընթերցմամբ:

Նմանատիպ նյութեր