211652_close_icon
views-count4211 դիտում article-date 18:49 27-12-2022

Լաչինի միջանցքը շրջափակած անհասկանալի «էկոակտիվիստները». Ֆիգարո

Ֆրանսիական հեղինակավոր  Le Figaro պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Արցախի  շրջափակմանն ու դրա պատճառներին: Հեղինակ  Էլիզաբեթ Փիրսոնը զրուցել է նաև Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանի հետ:
«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է: Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան», - Le Figaro-ի հետ զրույցում նշել է Արցախի պետնախարարը:

Ստորև թարգմանաբար ներկայացվում է հոդվածն ամբողջությամբ:

«Մոտ հարյուր ակտիվիստներ տեղակայվել են Լաչինի միջանցքում՝ պնդելով, որ դեմ են հանդես գալիս Լեռնային Ղարաբաղում հանքի շահագործմանը:

Մոտ հարյուր ադրբեջանցի քաղաքացիական անձինք ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով արգելում են բոլոր տեսակի փոխադրամիջոցների մուտքը Լեռնային Ղարաբաղ։ Բացահայտելով Ադրբեջանի իշխող ռեժիմին սատարող բազմաթիվ մարդկանց՝ հայերը մատնանշում են Բաքվի խորամանկությունը:

Շրջափակման վայրում՝ Շուշիի մերձակայքում, նկարահանված տեսարանում ինչ-որ գրոտեսկային բան կա: Մուշտակի մեջ փաթաթված և բարձրախոսով զինված ադրբեջանցի մի կին չարախոսում է Լեռնային Ղարաբաղում շահագործվող և շրջակա միջավայրին վնաս հասցնող հանքի թեմայով: Ձեռքում նա թափահարում է «խաղաղության աղավնին», որը կնոջ ձեռքի ճնշման տակ յուրաքանչյուր ցնցումից ճոճում է գլուխը: Թռչնին օդ նետելու պահին աղավնին անշարժ վայր է ընկնում գետնին:

Տեսարանը ծիծաղելի կլիներ, եթե չվկայեր հնարավոր հումանիտար ճգնաժամի մասին, ինչը դրսևորվում է դեկտեմբերի 12-ից Արցախի տարածքում 120 հազար հայերի մեկուսացմամբ։ Որքա՞ն կտևի շրջափակումը: Արցախում ոսկու հանքի շահագործմանը դեմ հանդես գալու պատրվակով՝ «ակտիվիստները» վրաններ են տեղադրել և ճանապարհի լայնությամբ մի իրական գյուղ են հիմնել։ Օրվա ընթացքում նրանց են միանում հարյուրավոր այլ քաղաքացիական անձինք, նրանք այնտեղ հեռարձակել են ֆուտբոլի աշխարհի առաջնության խաղերը, ինչպես նաև կազմակերպում են տոնական խնջույքներ՝ ռուս խաղաղապահ զինվորականների հայացքի ներքո: 2020 թվականից ի վեր ստանձնելով հայկական անկլավը Երևանին կապող այս նեղ միջանցքի պահպանությունը՝ ռուս խաղաղապահ ուժերն անզոր են գտնվում՝ ճանապարհը բացելու հարցում։

Իշխանություններին հարող մարդիկ

Սոցիալական ցանցերում մեծ ակտիվություն ցուցաբերող ակտիվիստներին դժվար չեղավ նույնականացնել: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, հիմնվելով սովորական բաց աղբյուրների վրա, նշել է, որ այդ մարդկանց մոտ նախկինում շրջակա միջավայրի նկատմամբ հետաքրքրության որևէ հետք չի հայտնաբերվել։ Լրատվամիջոցը, ընդհակառակը, նշում է, թե ինչ ընդհանրություն կա բոլոր այս ակտիվիստների միջև՝ «աջակցություն նախագահական ընտանիքին և հպարտություն Ադրբեջանի ռազմական հաջողություններով»։

Ավելին, «Իրավունքի և արդարադատության Թաթոյան կենտրոն» հայկական վերլուծական խումբը զեկույցում մատնացույց է արել, որ դրանցից շատերը կապված են Հեյդար Ալիևի Հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրերի հետ: Այդ հիմնադրամը կառավարական մարմին է, որը գլխավորում է Ադրբեջանի առաջին փոխնախագահ և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան: Միջանցքն արգելափակողների թվում են նաև Երիտասարդների աջակցության միության անդամները՝ մի ՀԿ, որը 2020 թվականին Ադրբեջանի նախագահին հասցեագրել է նամակ՝ շնորհավորելով նրան Լեռնային Ղարաբաղի պատերազմում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Գորշ գայլերի» նշանը

Իրենց հերթին, ադրբեջանական լրատվամիջոցներն այդ մարդկանց ներկայացնում են որպես խիզախ ակտիվիստների:

«Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունը ցույց է տվել իր ուժը, իր մշակույթը և իր հասունությունը: Եվ իր միասնականությունը»,-ուրախությամբ նշում է, օրինակ՝ Day.Az լրատվական կայքը՝ արգելափակման գործողությունը լուսաբանելու նպատակով միջանցքում տեղակայված բազմաթիվ լրատվամիջոցներից մեկը:

«Երկրի հասարակական կազմակերպություններին, հանրային ակտիվիստներին, կամավորներին, լրագրողներին համախմբել է ազգային շահերի իրացման միևնույն մղումը»։
Միջանցքը շրջափակածների առաջին շարքերում Day.Az-ը չի վարանում հիշատակել ոմն Թելման Քասիմովին: Արժանանալով լրատվամիջոցների մեծ ուշադրությանը՝ այս մարդը 2020 թվականին իր ֆեյսբուքյան էջում ներկայացել է զինվորական համազգեստով, որի վրա առկա էր հետևյալ մակագրությունը. «Կեցցե՛ Ադրբեջանը: Ղարաբաղը պատկանում է Ադրբեջանին»։ Շարունակելով թերթել իր էջը՝ մենք կարող ենք նկատել, թե ինչպես է նա հպարտ կեցվածքով լուսանկարված Ռամիլ Սաֆարովի կողքին, ով Ադրբեջանում հերոս էր հռչակվել 2004 թվականին՝ ՆԱՏՕ-ի ուսումնական դասընթացի ժամանակ հայ սպային կացնահարելու համար:

Իր ֆեյսբուքյան էջի հրապարակումներից մեկում նույն Թելման Քասիմովը ցուցադրում է Թուրքիայում էթնիկ փոքրամասնությունների խմբերի, մասնավորապես՝ հայերի դեմ բազմաթիվ բռնությունների պատասխանատվությունը ստանձնած «Գորշ գայլեր» թուրքական ազգայնական, աջ ծայրահեղական խմբավորման տարբերանշանը: Խմբավորման խորհրդանշանը՝ դեպի երկինք ուղղված երկու մատները և մյուս երեք մատներից կազմված դունչը, բազմիցս աչքի է զարնում միջանցքի շրջափակման լուսանկարներում։

Ոսկու ռազմավարական հանքավայրը

«Ավտորիտար երկրում, որտեղ խոսքի ազատությունը ճնշված է, բնապահպան ակտիվիստների մասին խոսելը զավեշտ է»,- Le Figaro-ի հետ զրույցում նշում է Արցախի պետական նախարար, քաղաքացիական պաշտպանության ղեկավար Ռուբեն Վարդանյանը։ «Վերջին տասը տարիների ընթացքում Ադրբեջանում բացարձակապես բնապահպանական ցույցեր չեն եղել։ Ինչո՞ւ հանկարծ նրանք արթնացան»,- հարցադրում է անում պետնախարարը՝ նշելով, որ ինքը պատրաստ է ցանկացած պահի ընդունել միջազգային հետաքննող հանձնաժողովին՝ ապացուցելու, որ հանքարդյունաբերության իրականացման համար անհրաժեշտ բոլոր բնապահպանական պայմանները պահպանվում են։

Ոսկու հանքը, որին վերաբերում է խոսքը, Կաշենի հանքավայրն է, որը գտնվում է 2020 թվականի հրադադարի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը թողնված տարածքի մի մասում։
«Ոսկու այս հանքը օվկիանոսում ջրի մի կաթիլ է, չնչին բան է Ադրբեջանի համար, որն արդեն իսկ հարուստ է գազով և նավթով։ Բայց Արցախի համար դա մեզ մնացած սուղ տնտեսական ռեսուրսներից մեկն է», - նշում է Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ինքնավար Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։ «Եթե Բաքուն վերահսկողության տակ վերցնի այն, դա նշանակում է՝ 1800 աշխատակիցների և նույնքան ընտանիքների զրկել եկամտի աղբյուրներից։ Դա մեր տարածքը տնտեսապես շնչահեղձ անելու լրացուցիչ միջոց է»։  

ՍիվիլՆեթը, որը հայկական անկախ լրատվական գործակալություն է, բացահայտել է, որ Ադրբեջանի կառավարությունը վերջերս վաճառել է Կաշենի հանքավայրի շահագործման արտոնագիրը բրիտանական մի ընկերության։ Արդյոք պե՞տք է կապ տեսնենք ակտիվիստների՝ հանքի շահագործումից հայերին զրկելու պահանջի հետ՝ իհարկե բնապահպանական նկատառումներով։
Ակտիվիստներն իրենց հերթին հայտնել են մինչև վերջ գնալու իրենց պատրաստակամության մասին։

«Ոչ ոք մտադիր չէ նահանջել։ Մեր ժողովուրդը պատրաստ է շարունակել բողոքի ակցիան այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել իր նպատակին», - դեկտեմբերի 22-ին Day.Az-ին տված հարցազրույցում ասել է Թելման Քասիմովը։ «Ես չեմ պատրաստվում տևողության հետ կապված կանխատեսումներ անել։ Կարող եմ միայն հաստատել, որ չնայած ցրտին, Լաչինի ճանապարհին ցույցի դուրս եկած մարդկանց վճռականությունն անսասան է»»:
 

Նմանատիպ նյութեր