211652_close_icon
views-count675 դիտում article-date 11:21 27-01-2023

ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում ջանքեր է գործադրում՝ նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը. Մորա

2023թ. հունվարի 26-ին Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին բարձրաստիճան նիստը, որը համանախագահել են ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը և ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Էնրիկե Մորան։

ԱԳՆ-ից հայտնում են, որ մեկօրյա հանդիպումն արտացոլում է երկու կողմերի շահագրգռվածությունը՝ առաջ մղելու քաղաքական երկխոսությունը և արտաքին ու անվտանգային քաղաքականության ոլորտում համագործակցությունը՝ որպես ՀՀ-ԵՄ հարաբերություններում հաջորդ կարևոր քայլ։

Կողմերն անդրադարձ են կատարել Հայաստանի, Եվրոպական միության և ավելի լայն տարածաշրջանի համար առկա առանցքային անվտանգային հարցերին, մասնավորապես եվրոպական անվտանգության առջև ծառացած մարտահրավերներին, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցերին, այդ թվում՝ Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժի արգելափակման հետ կապված աճող մարդասիրական մտահոգություններին։

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը նշել է. «Հայաստանն ուրախ է հյուրընկալելու ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստը, որը կարևոր ձևաչափ է միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի լայն շրջանակի քննարկման համար։ Հայաստանի միջազգային սահմանների մշտադիտարկման գործում Հայաստանն ակնկալում է Հայաստանում ԵՄ առաքելության հետ ամուր համագործակցություն։ Հայաստանն արժևորում է բոլոր միջնորդական և խթանման գործողությունները՝ ուղղված խաղաղության ու անվտանգության հաստատմանը, ինչն էական է Հայաստանի տարածքային ամբողջականության, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության իրավունքների և անվտանգության ապահովման համար»։

ԵՄ արտաքին գործողությունների եվրոպական ծառայության գլխավոր քարտուղարի տեղակալ Էնրիկե Մորան նշել է. «ԵՄ-ն ամենաբարձր մակարդակում նշանակալի ջանքեր է գործադրում՝ նպաստելու Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների համապարփակ կարգավորմանը։ Ընդամենն օրեր առաջ մենք հաստատել ենք ԵՄ քաղաքացիական առաքելություն Հայաստանում, որի նպատակը տեղում կայունության ամրապնդմանը, մարդկային անվտանգությանը և վստահության ձևավորմանը նպաստելն է։ Այսօր մեկնարկած ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության առաջին նիստն արտահայտում է արտաքին ու անվտանգային քաղաքականության հարցերում համագործակցությունն ընդլայնելու մեր փոխադարձ հետաքրքրությունը և պատրաստակամությունը աշխատել միասին՝ ի շահ խաղաղության, անվտանգության ու կայունության, հատկապես ներկայիս՝ մարտահրավերներով լի միջազգային համատեքստում, որը բնորոշվում է Ուկրաինայի նկատմամբ Ռուսաստանի պատերազմով»:

Հանդիպման ընթացքում Հայաստանը և Եվրոպական միությունը հաստատել են հանձնառությունը՝ աշխատելու հանուն անվտանգ, կայուն, խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի՝ ի շահ տարածաշրջանում ապրող բոլոր ժողովուրդների։ Այս համատեքստում կողմերը քննարկել են այս շաբաթվա սկզբին ԵՄ արտաքին հարաբերությունների խորհրդի կողմից հաստատված քաղաքացիական առաքելության առաջիկա տեղակայումը։ Հայաստանում ԵՄ առաքելությունն իր գործունեության և ԵՄ ղեկավարությանը ներկայացվելիք զեկույցների միջոցով կնպաստի նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի առաջնորությամբ իրականացվող ջանքերին:

Մտքերի համապարփակ փոխանակման ընթացքում երկխոսության մասնակիցները նաև քննարկել են ավելի լայն տարածաշրջանում տիրող իրավիճակը, ներառյալ՝ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքներին և անվտանգային այլ խնդիրներին առնչվող հարցեր։

ՀՀ-ԵՄ քաղաքական և անվտանգային հարցերով երկխոսության նիստերը նախատեսվում է անցկացնել պարբերաբար՝ ամենամյա սկզբունքով:

Նմանատիպ նյութեր