211652_close_icon
views-count1228 դիտում article-date 15:27 16-02-2023

Մոլդովայի ընդդիմությունը պիկետ է կազմակերպել երկրի խորհրդարանի շենքի դիմաց

 «Շոր» կուսակցության հարյուրավոր կողմնակիցներ, մի շարք այլ ընդդիմադիր կուսակցությունների և շարժումների աջակցությամբ հինգշաբթի պիկետ են կազմակերպել Մոլդովայի խորհրդարանի շենքի դիմաց, որտեղ իշխող «Գործողություն և համերաշխություն» կուսակցության (ԳՀԿ) պատգամավորները պետք է հաստատեն նոր կառավարությունը՝ Դորին Ռեչանի գլխավորությամբ: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, հավաքվածները պահանջում են խորհրդարանի լուծարում, երկրի նախագահ Մայա Սանդուի հրաժարականը և գազի և էլեկտրաէներգիայի համար կոմունալ վճարների փոխհատուցման ավելացում:

Ցուցարարները վանկարկում են՝ «Մենք ժողովուրդ ենք», «Հրաժարակա՛ն տվեք, ԳՀԿ»,  «Վճարեք մեր հաշիվները»։ Այսօր Հանրապետության կառավարությունը մասամբ կփոխհատուցի գազի, էլեկտրաէներգիայի և տների ջեռուցման վճարների վճարման ծախսերը։ Ընդ որում, ընդդիմությունը պահանջում է ավելացնել փոխհատուցումները։

Բողոքի ակցիաները Մոլդովայում սկսվել են անցյալ տարվա ամռանը և տեղի են ունեցել երկրի տարբեր շրջաններում: Հոկտեմբերին ոստիկանության հատուկ ջոկատայինները ուժով ցրել են ցուցարարներին։ Ընդդիմության մի քանի առաջնորդներ կալանքի տակ են հայտնվել, այդ թվում՝ երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, «Շոր» կուսակցության փոխնախագահ Մարինա Տաուբերը, քրեական գործեր են հարուցվել Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների ընդդիմադիր կուսակցությունից խորհրդարանի պատգամավորների մոտ կեսի դեմ:

Նախկին վարչապետ Նատալյա Գավրիլիցան իր հրաժարականի մասին հայտարարել է փետրվարի 10-ին՝ նախագահի աշխատակազմում տեղի ունեցած խորհրդակցությունից հետո: Վարչապետը հրաժարվել է նշել հրաժարականի պատճառները, սակայն երկու ժամ անց նախագահ Մայա Սանդուն այդ պաշտոնում առաջադրել է անվտանգության հարցերով իր խորհրդական Ռեչանին:
 

Նմանատիպ նյութեր