211652_close_icon
views-count1105 դիտում article-date 15:44 17-03-2023

Վարչապետին ներկայացվել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոնի 2022թ. կատարողականը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է «Էնթերփրայզ Արմենիա» ներդրումների աջակցման կենտրոն՝ կառույցի 2022թ. գործունեության հաշվետվությանը ծանոթանալու նպատակով: Հայտնում է Վարչապետի աշխատակազմը։

Խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանը և Տիգրան Խաչատրյանը, Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Բագրատ Բադալյանը, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, «Էնթերփրայզ Արմենիա»-ի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանը, կառույցի ղեկավար կազմը, պաշտոնատար այլ անձինք:

Վարչապետին են ներկայացվել 2022թ. «Էնթերփրայզ Արմենիա»-ի կողմից 3 հիմնական ուղղությամբ իրականացված աշխատանքները, այն է՝ «մեկ պատուհան» սկզբունքով օտարերկրյա և տեղացի ներդրողներին ներդրումներ իրականացնելու գործընթացում ուղեկցում, Հայաստանում գործող օտարերկրյա ներդրողների հետներդրումային սպասարկում և Հայաստանի ներդրումային միջավայրի առաջմղում, նոր ներդրումների ներգրավում:

Զեկուցվել է, որ հաշվետու տարում «Էնթերփրայզ Արմենիա» է դիմել ավելի քան 610 գործարար և ներդրող, իսկ ստեղծումից ի վեր կառույցը տարբեր փուլերում աջակցություն է տրամադրել ավելի քան 1600 գործարարի։ Աշխատանք է տարվել 280-ից ավելի ներդրումային նախաձեռնությունների ուղղությամբ: Ուղեկցվող ընթացիկ ներդրումային ծրագրերի թիվը 40 է՝ 2.4-3.2 մլրդ ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով, արդեն մեկնարկել է 26 ծրագիր՝ շուրջ 350 մլն ԱՄՆ դոլար ակնկալվող ծավալով:

Վարչապետին ներկայացվել են նաև ներդրումների ներգրավման ուղղությամբ 2023թ. ծրագրված աշխատանքները: Նշվել է, որ ընթացիկ տարում նախատեսվում է ակտիվացնել թիրախային աշխատանքը՝ օտարերկրյա ներդրողների հետ ուղիղ շփումների, միջազգային հեղինակավոր միջոցառումներին մասնակցության, թվային և այլ հարթակներում Հայաստանի առաջմղման, արտերկրում ձևավորված ներկայացուցիչների ցանցի և ինստիտուցիոնալ  գործակցության միջոցով:

Հաշվետվության ներկայացմանը հաջորդել է մտքերի փոխանակությունը, որի շրջանակում քննարկվել են ներդրումային միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ անելիքներին և միջոցառումներին առնչվող հարցեր: Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ պատասխանատուները մանրամասներ են ներկայացրել ներդրումային գործընթացի ուղեկցման մոդելների, ընթացիկ ու նախատեսվող ծրագրերի, «Էնթերփրայզ Արմենիա»-ի զարգացման տեսլականի վերաբերյալ:

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ներդրումների ներգրավման, ներդրողներին օժանդակության մեխանիզմների և գործիքակազմի շարունակական բարելավումը՝ Կառավարության հաստատած ռազմավարական մոտեցումներին համապատասխան: Խորհրդակցության արդյունքներով Կառավարության ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ:

Նմանատիպ նյութեր