211652_close_icon
views-count1027 դիտում article-date 14:47 27-03-2023

Ճապոնիան դատապարտել է Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Ռուսաստանի որոշումը

Ճապոնիան, որպես ատոմային ռմբակոծության ենթարկված երկիր, անընդունելի է համարում և դատապարտում Բելառուսում իր մարտավարական միջուկային զենքը տեղակայելու Ռուսաստանի որոշումը։ Այսօր Տոկիոյում կայացած հերթական մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել Ճապոնիայի նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Հիրոկաձու Մացունոն։ Այս մասին տեղեկացնում են ռուսական ԶԼՄ-ները։
 
Մացունոն նաև Ռուսաստանին կոչ է արել խուսափել ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը:

Բելառուսում մարտավարական միջուկային զենք տեղակայելու Մոսկվայի որոշմանն արձագանքել են նաև Ուկրաինայում: Կիևը պահանջել է հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ։ Ըստ Ուկրաինայի ԱԳՆ-ի հայտարարության՝ Ռուսաստանի նման մտադրությունները չեն կարող առանձնահատուկ անհանգստություն չառաջացնել ողջ համաշխարհային հանրության մոտ: Նախարարության հայտարարության մեջ ընդգծվում է, որ Կիևը սպասում է գործողությունների Մեծ Բրիտանիայից, Չինաստանից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից՝ «Կրեմլի միջուկային շանտաժին դիմակայելու համար»։
 
Մարտի 25-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանի Դաշնությունը բելառուսական կողմի խնդրանքով կտեղակայի իր մարտավարական միջուկային զենքը Բելառուսում, ինչպես Միացյալ Նահանգները վաղուց անում է իր դաշնակիցների տարածքում։ ՌԴ նախագահի խոսքով՝ դա կարվի առանց միջուկային զենքի չտարածման ռեժիմը խախտելու: Պուտինը վստահեցրել է, որ Մինսկը չի ստանա վերահսկողություն միջուկային լիցքերի նկատմամբ:

Նմանատիպ նյութեր