211652_close_icon
views-count721 դիտում article-date 10:07 16-06-2023

Միջուկային զենք Բելառուսում. բլե՞ֆ, թե՞ իրական սպառնալիք․ «Ամերիկայի ձայն»

Լեհաստանի Սեյմի պատգամավոր Միրոսլավ Չեխը արձագանքելով Մինսկից հնչող ռազմատենչ հայտարարություններին՝ վերջերս նշել էր, որ և՛ Լուկաշենկոն, և՛ Ռուսաստանի ղեկավարությունը տեղյակ են, թե մարտավարական միջուկային զենքի կիրառումը ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Նրա փոխանցմամբ, Վաշինգտոնն ու ՆԱՏՕ-ն Կրեմլին հայտնել են, թե որը կլինի Ռուսաստանի նման քայլի պատասխանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Լեհ քաղաքագետ Ագնեշկա Կանևսկան ուշադրություն է հրավիրում, որ Միրոսլավ Չեխի մեկնաբանությունից զատ, Լուկաշենկոյի վերջին՝ սադրիչ հայտարարություններն անպատասխան են մնացել Վարշավայում։

«Սա, իհարկե, առաջին անգամ չէ, որ նա սպառնում է։ Այս անգամ Լուկաշենկոն պնդում է, որ Բելառուսում միջուկային զենք է տեղադրվում իր խնդրանքով։ Բայց հաշվի առնելով Բելառուսի և Ռուսաստանի հարաբերությունները, ինչպես նաև անձամբ Լուկաշենկոյի և Պուտինի միջև կապը, դժվար է այս խոսքերը լուրջ ընդունել»,- «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանն ասել է Կանևսկան:

Նրա խոսքով, Լեհաստանի տեսանկյունից այսօրվա Բելառուսը անկախ պետություն չէ, անկախ չէ նաև Լուկաշենկոն, քանզի այն ամենը, ինչ տեղի է ունենում երկրում, Կրեմլի վերահսկողության ներքո է։

Քաղաքագետի կարծիքով, ներկայիս առճակատումը մի կողմից պուտինյան Ռուսաստանի ու Լուկաշենկոյի Բելառուսի, մյուս կողմից՝ Ուկրաինայի և նրան աջակցող եվրատլանտյան դաշինքի միջև, լրջագույնն է 1991 թվականից ի վեր։

Բելառուսի անցումային կառավարության ղեկավարի տեղակալ Պավել Լատուշկոն հայտարարել է, թե տեղեկություն ունի Բելառուսում տեղակայվող մարտավարական միջուկային զենքի կիրառման ընթացակարգի մասին։

Ըստ ընդդիմադիր գործչի, ոչ միայն Լուկաշենկոյի ամպագոռգոռ հայտարարություններն են վկայում, թե նա իրավունք կունենա վերահսկել միջուկային զենքը։ «Իհարկե, դրանք հիվանդագին հոգեվիճակ ունեցող մարդու խոսքեր են, բայց, այնուամենայնիվ, այն բավականին վտանգավոր հռետորաբանություն է։ Օրինակ, ռուսական ավիացիայի կողմից արդիականացված ինքնաթիռները՝ «Су-25»-ները բելառուսական օդուժի կազմում են, դրանց վրա բելառուս օդաչուներ են պատրաստվել, Բելառուսի զինուժն ունի «Իսկանդեր» հրթիռներ»,- նշել է Լատուշկոն։

Լատուշկոյի խոսքով, շատ կցանկանար, որ Լուկաշենկոյի հայտարարությունները ընդամենը բլեֆ լինեին և հուզական խոսք։

Անկախ ռազմական վերլուծաբան, Պրահայի համալսարանի պրոֆեսոր Յուրի Ֆյոդորովի կարծիքով, Լուկաշենկոյի խոսքերը, որ նա «ոչ միայն խնդրել», այլև «պահանջել» է Պուտինից Բելառուս վերադարձնել մարտավարական միջուկային զենքը, վկայում են բելառուս բռնապետի մոտ առկա խուճապի մասին։

«Փաստն այն է, որ միջուկային զենքի կիրառման նկատմամբ վերահսկողությունը (համենայն դեպս այնքանով, որքանով այսօր կարող ենք վստահաբար խոսել) պատկանելու է, կամ արդեն պատկանում է ռուսաստանցի զինվորականներին, որոնք իրենց հերթին ենթարկվում են Ռուսաստանի գերագույն գլխավոր հրամանատարին։ Ուստի, Լուկաշենկոն պարզապես հրեշ է ձևանում, և իրականում նրա ձեռքում որևէ «միջուկային կոճակ» չկա»,- «Ամերիկայի Ձայնի» ռուսական ծառայությանը փոխանցել է Ֆյոդորովը:

Ըստ Ֆյոդորովի, Լուկաշենկոյի խուճապային վիճակն երկու բացատրություն ունի։․ «Առաջինը՝ խելացնորությունն է: Հասկանալի է, որ Լեհաստանն ու ՆԱՏՕ-ն չեն ներխուժի Բելառուս։ Բայց Ուկրաինայում ստեղծվել և ընդլայնվում են զորամասեր։ Այժմ կա առնվազն երկու գունդ, որոնցից մեկը Կալինովսկու գունդն է։ Նրանք ձևավորվել են Բելառուսի քաղաքացիներից, ովքեր պատրաստ են առաջ շարժվել և ազատագրել իրենց երկիրը հանցավոր ռեժիմից։ Կարծում եմ, հենց դրանից է [Լուկաշենկոն] վախենում»։

Երկրորդ բացատրությունը՝ լեհ պաշտոնյաներին մոտ կանգնած մարդկանց հայտարարություններն են, որ եթե Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ապստամբություն սկսվի, Լեհաստանը չպետք է մի կողմ կանգնած մնա։ Ակնարկը, որ լեհ կամավորները կարող են մասնակցել Լուկաշենկոյի դեմ բելառուսների ժողովրդական ապստամբությանը, բավականին թափանցիկ էր։

Մեկնաբանելով Միրոսլավ Չեխի հայտարարությունը՝ Յուրի Ֆյոդորովն ընդգծել է, որ այն կարևոր է, քանզի այդ խոսքերի հեղինակը ՆԱՏՕ-ի եվրոպական անդամ-երկրի խորհրդարանի անդամ է, և, միգուցե, Չեխն ինչ-որ բան գիտի:

Նմանատիպ նյութեր