211652_close_icon
views-count1465 դիտում article-date 12:53 31-03-2023

Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի

Ֆրանսիական Օվերն-Հռենոս-Ալպեր շրջանն Արցախի համար հումանիտար շարասյուն կկազմակերպի։ Այս մասին տեղեկացրել է շրջանի ղեկավար Լորան Վոքեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանի հետ Երևանում մարտի 31-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում։ Գրում է «Արցախպրեսը»։

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը նախ նշեց, որ տարիներ ի վեր Հայաստանի ու Արցախի բարեկամն է և ցնցված է Հայաստանի և Արցախի շուրջ ստեղված իրավիճակով։

«2019-ին մենք հանդիպել էինք Արցախի ներկայացուցիչների հետ, և Արցախի ու իմ շրջանի միջև համագործակցության համաձայնագիր է կնքվել։ Իմ շրջանում մենք քաղաքական դիրքորոշում էինք ընդունել՝ հաստատելու համար Արցախի անկախության իրավունքը, ինչի պատճառով  և հետևանքով իմ և նույնիսկ իմ ընտանիքի նկատմամբ պանթուրքիստական ահաբեկչական կազմակերպությունների կողմից լուրջ ճնշումներ գործադրվեցին։

Ինչու՞ եմ եկել այսօր, որովհետև շատ լավ գիտեմ, որ միջազգային ամբողջ ուշադրությունը սևեռված է Ուկրաինայի վրա, և որ մեծ վտանգ կա, որ այս ամենի մեջ կմոռացվեն Հայաստանը և Արցախը։ Ես այստեղ եմ ասել համար, որ մենք չենք մոռանում ձեզ, դու մենակ չենք, և չպետք է թույլ տանք, որ լռություն հաստատվի և անուշադրության մատնվեն միջազգային իրավունքների խախտումները թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում, թե՛ Լաչինի միջանցքում»,- ընդգծեց Լորան Վոքիեն։

Ֆրանսիայի Օվերնյ-Ռոն-Ալպ շրջանի շրջանային խորհրդի նախագահը երկու օր առաջ գտնվել է Լաչինի միջանցքի սկզբնամասում՝ ցույց տալու իր հայրենակիցներին, որ այնտեղ ոտնահարվում է միջազգային իրավունքը, և որ այդ սահմանից այն կողմ 120 հազար մարդ զրկված է ամենատարրական մարդկային բոլոր իրավունքներից։

«Ես Սյունիքի մարզպետի կողքին էի այն պահին, երբ նա տեղեկացավ, որ այնտեղ, որտեղ մենք գտնվում էինք (Տեղ գյուղ-խմբ․), մի օր առաջ առաջխաղացում է տեղի ունեցել։ Տեսել եմ և կարող եմ վկայել միջազգային իրավունքի խախտման մասին։ Ինչպես և տեսել եմ ադրբեջանական դրոշները, որոնք ծածանվում են հայկական հողերի վրա գտնվող բարձունքներում։ Ու նաև կարողացա քիչ առաջ զրուցել Արցախից տեղահանվածների հետ, որոնց խոսքերը խորապես հուզիչ են։ Որպես քաղաքական գործիչ՝ իմ պարտավորությունն է գործի անցնել և կարողանալ այս պահին ձեզ օգնության գալ»,- ասաց Լորան Վոքիեն։

Ֆրանսիացի քաղաքական գործիչը ընդգծեց՝ չպետք է թույլ տալ, որ հաստատվի և կայունանա այն իրավիճակը, երբ չի հարգվում միջազգային իրավունքը։ Նա տեղեկացրեց, որ ցանկանում են Ֆրանսիայում հայ համայնքը ներկայացնող կազմակերպությունների հետ միասին կազմակերպել հումանիտար շարասյուն, որը կփորձի հումանիտար օգնություն հասցնել Արցախ։

«Շարասյունը կկազմակերպվի մեր շրջանի աջակցությամբ և կկրի մեր շրջանի դրոշը։ Այն կմոտենա Լաչինի միջանցքին  և կպահանջենք, որպեսզի թույլ տան այն անցնի և հասնի Արցախ։ Կամ շարասյունը կանցի ու այդ ժամանակ մենք հույսի մի փոքրիկ դուռ բաց արած կլինենք, կամ շարասյունը չի կարողանալու անցնել ու դա մեզ առիթ կտա միջազգային և եվրոպական կազմակերպությունների առաջ ներկայացնել այս հարցը, որ ևս մեկ անգամ միջազգային իրավունքը խախտվում է, և որ պետք է գործողությունների դիմել»,- ընդգծեց Լորան Վոքիեն։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր