211652_close_icon
views-count910 դիտում article-date 13:29 07-04-2023

Պետք է շուտ վերսկսել խաղաղության բանակցությունները. Սի Ծինփին

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կոչ է արել խաղաղ բանակցություններ սկսել Ուկրաինայի հարցով այն բանից հետո, երբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նրան հորդորել է «խելքի բերել Ռուսաստանին»։ Այս մասին գրում է golosameriki.com-ը:

Այնուամենայնիվ, Չինաստանի ղեկավարը ոչ մի ակնարկ չի արել, որ Պեկինը՝ որպես Պուտինի դիվանագիտական գործընկեր, կօգտագործի իր ազդեցությունը հակամարտության կարգավորման համար: Սի Ծինփինը նաև չի հստակեցրել, որ Չինաստանը փոխել է իր դիրքորոշումը փետրվարին խաղաղության բանակցությունների կոչ անելուց հետո:

«Խաղաղության բանակցությունները պետք է վերսկսվեն որքան հնարավոր է շուտ»,- ասել է Սին՝ կոչ անելով մյուս կառավարություններին խուսափել քայլերից, որոնք կարող են «վատթարացնել ճգնաժամը կամ այն դուրս բերել վերահսկողությունից»:

Պեկինը, որը Մոսկվային համարում է համաշխարհային հարցերում ԱՄՆ գերակայությանը դիմակայելու գործընկեր, փորձում է չեզոք երևալ հակամարտությունում՝ միաժամանակ դիվանագիտական աջակցություն ցուցաբերելով Պուտինին և կրկնելով Ռուսաստանի փաստարկները, որոնք արդարացնում են 2022 թվականի փետրվարյան ներխուժումը, նկատում է աղբյուրը:

Չինաստանի ղեկավարն ասել է, որ «բոլոր կողմերի օրինական անվտանգության շահերը» պետք է հաշվի առնվեն՝ ակնարկելով Մոսկվայի այն փաստարկին, որ նա Ուկրաինա է ներխուժել ՆԱՏՕ-ի դեպի արևելք ընդլայնման պատճառով:

Ավելի վաղ բանակցությունների ընթացքում Մակրոնը Սի Ծինփինին հորդորել էր «խոսել Ռուսաստանի հետ և բոլորին հետ բերել բանակցությունների սեղանի շուրջ»։

Մակրոնը Պեկին է եկել Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ: Վերջինս ասել է, որ հորդորել է Սի Ծինփինին զանգահարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին, և որ Չինաստանի առաջնորդը «հաստատել է իր պատրաստակամությունը նման զրույց ունենալու, երբ հարմար պայմաններն ու ժամանակը լինեն»:

Նմանատիպ նյութեր