9979 դիտում
13:29 22-04-2016
Ռուսաստանը կողմ է Լեռնային Ղարաբաղում անժամկետ հրադադարի ռեժիմի պահպանմանը. Սերգեյ Լավրովը նաև ցավակցություն հայտնեց Արցախում զոհվածների հարազատներին
«Այժմ սկզբունքորեն անհրաժեշտ է հետևել հրադադարի մասին համաձայնագրերին ու չթույլատրել 1994 և 1995 թթ. համաձայնագրերի նոր խախտումներ, որոնցում ամրապնդվել է հրադադարի անժամկետ ռեժիմը»,-այս մասին այսօր Երևանում հայտարարեց ՀՀ-ում պաշտոնական այցով գտնվող Սերգեյ Լավրովը` ընդգծելով, որ խնդրի քաղաքական կարգավորման համար Ռուսաստանը պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ:
Արդյոք իրականությանը համապատասխանո՞ւմ են ռուսական լրատվամիջոցներում հրապարակված լուրերը, թե հակամարտության կողմերը մերժել են Կազանի պայմանագիրը, Սերգեյ Լավրովը պատասխանեց մեկ կարճ նախադասությամբ` «Հայաստանը Կազանի փաստաթուղթը չի մերժել»։
«Քննարկեցինք նաև իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Ուզում եմ ցավակցությունս հայտնել բոլոր զոհերի հարազատներին։ Այս ողբերգական դեպքերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ ԼՂ հակամարտությունը չունի, չի կարող ունենալ ռազմական լուծում և կարող է հաղթահարվել բացառապես դիվանագիտական ճանապարհով։ Այս փուլում մենք համարում ենք, որ պետք է լիարժեքորեն կատարվի 94-95 թթ.. զինադադարի մասին պայմանագիրը։ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, կանի ամեն ինչ, որ կողմերը խաղաղ ճանապարհով լուծեն հարցը։ Պետք է հարգվեն հրադադարի պայմանները»,- շեշտեց ՌԴ ԱԳ նախարարը՝ ասելով, որ իրենք կաջակցեն, ամեն ինչ կանեն, որ հարցը լուծվի խաղաղ ճանապարհով:
Ի դեպ, Ս. Լավրովն ընդգծված շնորհակալություն հայտնեց այստեղ` Հայաստանում «ավանդական ջերմ ընդունելության համար», այն դեպքում, երբ երեկ ընդդեմ Լավրովի անցկացվեց Արժանապատվության երթ, որի ընթացքում բավականին կոշտ հայտարարություններ արվեցին ինչպես ՌԴ-ի քաղաքականության, այնպես էլ անձամբ Սերգեյ Լավրովի հասցեին:
Նշենք, որ Էդվարդ Նալբանդյանը ողջունելով ներկաներին` խոսեց հայերեն և հիշեցրեց, որ այսօր իր ռուս գործընկերն այցելել է Ծիծեռնակաբերդ` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Իսկ քիչ անց պարոն Լավրովին կընդունի ՀՀ նախագահը:
Էդվարդ Նալբանդյանը նշեց նաև, որ վերջին շրջանում հանդիպումների առանցքում ապրիլի մեկին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված ագրեսիվ գործողությունների հետևանքների հաղթահարումն է:
«Հանդիպմանը մենք հանգամանորեն քննարկեցինք մեր երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, որոնք վերաբերում են ոչ միայն տնտեսական ու քաղաքական օրակարգին, այնպես էլ պաշտպանունակության բարձրացմանը»,-հայտարարեց ՀՀ արտգործնախարարը և ընդգծեց, որ գործընկերոջ հետ անդրադարձել են ՀԱՊԿ-ԵԱՏՄ, ՄԱԿ և այլ միջազային համագործակցության շրջանակներում փոխգործակցությանը, արտգործնախաարությունների միջև խորհրդատվությունների անցլացմանը:
«Ես կասեի` հետևանքների լայն իմաստով»,-ավելացրեց Էդվարդ Նալբանդյանը ու ավելացրեց.«Մենք այսօրվա քննարկումների հիմնական մասը նվիրեցինք հենց այս հարցերին»:
Նա հավելեց, որ ապրիլի 1 առաջին իսկ վայրկյաններից մշտական կապի մեջ է եղել պարոն Լավրովի հետ:
«Ադրբեջանի արկածախնդրությունը մեծ վնաս է հասցրել բանակցային գործընթացին»,-նշեց Էդվարդ Նալբանդյանը և ընդգծեց, որ կողմերը համակարծիք են, որ խնդրի կարգավորումը ուժի կիրառմամբ անընդունելի է, իսկ բանակցային գործընթացը այլընտրանք չունի:
Նմանատիպ նյութեր
9889 դիտում
23:14 22-06-2017
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմի խախտումներով
1285 դիտում
10:05 25-11-2022
ՌԴ ՊՆ-ն հաստատել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական զինուժի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը
Այս բաժնից
631 դիտում
22:03 20-12-2024
Հայ-ռուսական երկոսությունը հումանիտար ուղղությամբ զարգանում է հաջողությամբ. Մհեր Գրիգորյան
922 դիտում
21:38 20-12-2024
Հայաստանն առանձահատուկ նշանակություն է տալիս աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմանը
667 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով