211652_close_icon
views-count1417 դիտում article-date 13:32 20-06-2023

Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի, հետո պարզվեց՝ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան

ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը պատմել է, թե ինչպես է ստորագրել 2020 թ. նոյեմբերի 9-ի համաձայնագիրը։

«Եռակողմ հայտարարության շուրջ բանակցություններ սկսվեցին նոյեմբերի 6-ին: Ես համաձայնեցի այդ թեմայով բանակցություններ սկսել՝ պայմանով, որ դրանում չլինեն Շուշին եւ Հայաստանի տարածքով անցնող միջանցքի վերաբերյալ դրույթներ, ինչպես նաեւ  առաջարկելով, որ մենք Աղդամի շրջանը վերադարձնենք  Հադրութի շրջանի դիմաց, որը Ադրբեջանն իր վերահսկողության տակ էր առել: Սա էր եռակողմ հայտարարությունը ստորագրելուն ուղղված գործընթացի մեկնարկը: Ես հասկանում էի, որ հասել ենք շրջադարձային կետի,. Եթե կարողանում ենք պահել Շուշին, դա շրջադարձ է, եթե չենք կարողանում պահել շուշին, դա էլ է շրջադարձ: Բայց նոյեմբերի 8-ի դրությամբ, որքան էլ ինձ ասում էին, որ Շուշիի մի մասը մեր վերահսկողության տակ է, հասկանում էի, որ այն ամբողջությամբ հետ բերել այլեւս չենք կարող:

ԼՂ նախագահը ահազանգում էր Ստեփանակերտի խոցելի լինելու մասին եւ կար հավանականություն, որ ադրբեջանցիները գործնականում լուծելով Շուշիի հարցը, Շոշ գյուղի կողմից  կսկսեին գրոհ դեպի Ստեփանակերտ, շարունակելով դեպի Ասկերան եւ այնտեղից արդեն թիկունքից խփելով ՊԲ պաշտպանական շրջաններին եւ թիկունքից մտնելով Հաթերք-Սոթք հատված:

Բանակցությունները վարվում էին ՌԴ նախագահի միջոցով, նոյեմբերի 8-9-ին նրա հետ ունեցել եմ շուրջ 20 հեռախոսային խոսակցություն: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում շուրջ 60 հեռախոսային խոսակցություն: Շատ արագ պարզ դարձավ, որ Ադրբեջանը չի ընդունում  Աղդամը Հադրութի դիմաց բանաձեւը եւ ի վերջո, քննարկումների արդյունքում հասանք մի տեքստի, որտեղ ոչինչ չէր ասվում Շուշիի մասին, ոչինչ չէր ասվում Հայաստանի տարածքով միջանցք ստեղծելու մասին, այլ խոսվում էր ռազմական գործողությունների դադարի, 7 շրջանների վերադարձի, Լաչինի միջանցք ստեղծելու, այդտեղ և ԼՂ-ում ռուս խաղաղապահների տեղակայման մասին։

Նոյեմբերի 9-ի առավոտյան ես ստորագրեցի այդ տեքստը, այսինքն նոյեմբերի 9-ի առավոտյան՝ ոչ թե կեսգիշերին։

Այնուամենայնիվ, պարզվեց՝ Ադրբեջանը այդ տեքստը չի ստորագրում և առաջ է քաշում մի շարք նոր պահանջներ: Գործընթացի կուլմինացիան նոյեմբերի 9-ի երեկոն էր, երբ պարզվեց, որ Ադրբեջանը գործնականում համաձայնեցված տեքստին նոր լրացումներ է առաջարկում: Այսինքն ստորագրված տեքստը շրջանառությունից դուրս եկավ, օրվա ընթացքում անընդհատ քննարկումներ, տարբեր համաձայնություններ, բայց էլի օրվա վերջում պարզվում էր, որ նոր լրացուներ են առաջարկվում: Սա նշանակում էր, որ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ։

Բայց այն պահին, երբ ՌԴ նախագահն ասաց, որ Ադրբեջանն առաջարկում է  տեքստի մեջ ավելացնել կետ  Տավուշի մարզի անկլավների վերադարձի մասին, ես հայտարարեցի, որ բացառվում է այդպիսի փաստաթուղթ ստորագրել։ Ու պաշտոնապես արձանագրվեց, որ մենք փաստաթուղթ չենք ստորագրում։

Որոշ ժամանակ անց պարզվեց, որ համաձայնություն է ձեռք բերվել այդ կետը հանել փաստաթղթից։ Զուգահեռ կեսգիշերին մոտ սկսեցին լուրեր գալ մարտական գործողությունների ակտիվացման  և այն մասին, որ Ստեփանակերտի երկնքում մեծ թվով անօդաչու թռչող սարքեր կան։

Ի վերջո՝ բարդ, տևական քննարկումներից հետո ես ստորագրեցի այն փաստաթուղթը, որ հայտնի է բոլորին, որն, իհարկե, ավելի վատն էր, քան առավոտյան տարբերակը, բայց ավելի լավն էր առաջարկվող մյուս տարբերակներից, որոնցից մեկը Մեղրիի միջանցք էր նախատեսում, մյուսը՝ Տավուշի մարզի անկլավների վերադարձ:

Եռակողմ հայտարարության ստորագրվելու մասին տեղեկատվությունը հրպարակվեց ստորագրումից որոշ ժամանակ անց, եւ հրապարակման պահին ռազմական գործողությունները հիմնականում դադարել էին:

Բայց փաստաթղթի ստորագրումից շատ չանցած գրոհի ենթարկվեցին կառավարկան շենքերը Երեւանում, մասնավորապես, կառավարության նստավայրը, ԱԺ-ն եւ կառավարական կեցավայրը: Հարձակման ենթարկվեց ԱԺ նախագահը»:

Նմանատիպ նյութեր