211652_close_icon
views-count1051 դիտում article-date 12:04 21-06-2023

Արգենտինայում բախումների հետևանքով տուժել է մոտ 100 մարդ

Արգենտինայի հյուսիսում ցուցարարների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով կան տասնյակ տուժածներ։ Այդ մասին հունիսի 20-ին հայտնել է տարածաշրջանի կառավարությունը։

«Առողջապահության նախարարությունը հայտնել է, որ այսօր Սան Սալվադոր դե Ժուժույ քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով մի քանի հիվանդանոցների և շտապօգնության ծառայությունների մասնագետները բուժօգնություն են ցույց տվել 96 մարդու, այդ թվում՝ նահանգի ոստիկանության 66 աշխատակիցների», - ասված է տարածված հաղորդագրության մեջ։

Բախումներն սկսվել են այն բանից հետո, երբ մի խումբ ցուցարարներ ներխուժել են նահանգի օրենսդիր ժողովի շենք, որպեսզի խանգարեն տարածաշրջանի նոր սահմանադրության ընդունման արարողությանը։ Փոփոխությունների հակառակորդները կարծում են, որ դրանք սահմանափակում են բնակիչների սոցիալական իրավունքները և բնիկ բնակչության իրավունքները:

Ինչպես հայտնում է La Nacion թերթը, ոստիկանները ռետինե փամփուշտներ են արձակել, իսկ ցուցարարները քարեր նետել իրավապահների ուղղությամբ: Իշխանությունների տվյալներով՝ տուժածները բուժօգնության են դիմել կտրած վերքերով, աչքերի վնասվածքներով և կոտրվածքներով։

Բախումների ընթացքում տուժել են մի քանի լրագրողներ։ Փակված ճանապարհների պատճառով տարածաշրջանի վարչական կենտրոնի օդանավակայանն ստիպված է եղել դադարեցնել աշխատանքը։ Անկարգություններին մասնակցելու համար բերման է ենթարկվել 58 մարդ։ 

Նահանգի նահանգապետ Խերարդո Մորալեսը բախումների պատասխանատվությունը բարդել է երկրի նախագահ Ալբերտո Ֆեռնանդեսի և փոխնախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների վրա։ Ֆեռնանդեսն իր հերթին նահանգային իշխանություններին կոչ է արել անհապաղ դադարեցնել բողոքի «ուժային ճնշումը»:

Նմանատիպ նյութեր