211652_close_icon
views-count9466 դիտում article-date 02:52 24-06-2023

ՌԴ ԳՇ պետի առաջին տեղակալը դիմել է Վագների մարտիկներին․ իրավիճակի վերջին թարմացումները.news.am

ՄՌԿ Վագների ղեկավար Եվգենի Պրիգոժինի և ՌԴ պաշտանության նախարար Սերգեյ Շոյգուի հարաբերությունների կտրուկ սրումից և Պրիգորժինի հայտարարություններից հետո Վագների մարտիկներին կանգ առնելու կոչով են դիմել ՌԴ Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Ալեքսեևը և բանակի գեներալ Սերգեյ Սուրովիկինը։ 

Տելեգրամյան ալիքներում հրապարակված տեսաուղերձում Ալեքսեևը, մասնավորապես, ասում է․ «Ես մեծ հարգանքով եմ վերաբերվում այս ՄՌԿ-ի շատ մարտիկների և հրամանատարների, որոնք պետության շահերից բխող լուրջ խնդիրներ են կատարում: Բայց այն, ինչ այժմ տեղի է ունենում, սարսափելի փաստ է, որը այլ բառերով, քան անմեղսունակությունն է, ես չեմ կարող բացատրել»: 

Նա նշել է, որ երբ երկիրը գտնվում է «բարդ իրավիճակում», նման բաները բերելու են «ահռելի կորուստների, առաջին հերթին՝ քաղաքական»: «Սա մեջքից հարված է մեր երկրին: Դուք փորձում եք ոտնձգությու կատարել դրա իշխանության նկատմամբ, սա ռազմական հեղաշրջում է: Պետք չէ հիմա նման բան անել»,- ասել է նա: 
Գեներալ-լեյտենանտը ՄՌԿ-ի մարտիկներին կոչ է արել «կանգ առնել և մտափոխվել»՝ նշելով, որ «նման սադրանքը կարող էր արված լինել միայն Ռուսաստանի թշնամիների կողմից»:

Գեներալ Սերգեյ Սուրովիկինի տեսաուղերձում ասվում է․ «Մենք միասին կռվել ենք, ռիսկի գնացել, միասին հաղթել ենք: Մենք մի արյունից ենք, մենք զինվորներ ենք: Ես կոչ եմ անում կանգ առնել: Հակառակորդը սպասում է, թե, երբ է մեզ մոտ սրվելու ներքաղաքական իրավիճակը: Չի կարելի երկրի համար այլ ծանր ժամանակներում հակառակորդին ձեռնտու քայլեր անել»: 

«Քանի դեռ ուշ չէ, պետք է և անհրաժեշտ հնազանդվել համաժողովրդական ընտրված նախագահի կամքին և հրամանին, կանգնեցնել շարասյուներն ու դրանք վերադարձնել մշտական տեղակայման վայր, բոլոր խնդիրները լուծել խաղաղ ճանապարհով՝ գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ»,-հավելել է Սուրովիկինը:

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հորդորել է չկատարել Եվգենի Պրիգոժինի հանցավոր հրամանները․ «Մենք հորդորում ենք Մասնավոր ռազմական կազմակերպության մարտիկներին անուղղելի սխալներ չկատարել, դադարեցնել ցանկացած ուժային գործողություն ռուս ժողովրդի դեմ, չկատարել Պրիգոժինի հանցավոր և դավաճանական հրամանները, միջոցներ ձեռնարկել նրան կալանավորելու համար»։
 
«Իր հայտարարություններով և գործողություններով Պրիգոժինը փաստացի կոչ է արել սկսել զինված քաղաքացիական հակամարտություն Ռուսաստանի տարածքում և թիկունքից հարվածել ռուս զինծառայողներին, որոնք կռվում են ուկրաինական պրոֆաշիստական ​​ուժերի դեմ»,- հավելել է կենտրոնը։ 

https://news.am/arm/news/767119.html

Նմանատիպ նյութեր