211652_close_icon
views-count1000 դիտում article-date 15:54 29-06-2023

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ գործընկերության կոմիտեի նիստը. ԵՄ-ն բարձր է գնահատել ՆԳՆ ոլորտում բարեփոխումները

Բրյուսելում կայացել է ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 4-րդ նիստը, որի ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) իրականացման ընթացքին, ինչպես նաև երկկողմ համագործակցության այլ ոլորտներին: Հայտնում է ՆԳՆ-ն։

Հայկական պատվիրակության կազմում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը և ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Կողմերն ընդգծել են ՀՀ-ԵՄ գործընկերության կարևորությունն ու դրա շրջանակներում առկա զարգացումները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակել արդյունավետ համագործակցությունը:

Կոմիտեն, ի թիվս այլնի, անդրադարձել է նաև իրավապահ համակարգում առկա բարեփոխումներին՝ ողջունելով Ներքին գործերի նախարարության ստեղծումը և Պարեկային ծառայության ընդլայնումը: Եվրոպական միությունը բարձր է գնահատել այս ոլորտում առկա առաջընթացը: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը մանրամասն անդրադարձ է կատարել Ներքին գործերի նախարարության ձևավորմանը, ոստիկանության, աղետների ռիսկի կառավարման, միգրացիայի և քաղաքացիության ոլորտում զարգացումներին:

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանն անդրադարձել է CEPA-ի շրջանակներում վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկի հնարավորությանը: Կոմիտեն արձանագրել է, որ տեխնիկական պահանջները հաջողությամբ կատարված են՝ զուգահեռ շեշտելով քաղաքական որոշման կայացման անհրաժեշտությունը:

Եվրոպական Միությունը քաջալերել է ակտիվորեն շարունակել երկկողմ բանակցությունները անդամ պետությունների հետ: Կոմիտեն համանախագահել են Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը և ԵՄ արտաքին հարցերի ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրենի տեղակալ Լյուկ Դեվինը:

Նմանատիպ նյութեր