211652_close_icon
views-count679 դիտում article-date 20:27 12-07-2023

Քննարկվել են Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքները

Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանի մոտ այսօր անցկացվել է աշխատանքային խորհրդակցություն՝ Համահայկական 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողության կազմակերպչական աշխատանքների քննարկման նպատակով։

Բացման արարողության պրոդյուսեր Տիգրան Վիրաբյանն ու միջոցառման բեմադրիչ Արամայիս Հայրապետյանը մարզպետի աշխատազմի պատասխանատուներին, մարզի մշակութային հաստատությունների ղեկավարներին, արվեստագետներին են ներկայացրել արարողության բեմականացմանն ու ուղիղ եթերով հրապարակվող ծրագրին առնչվող մանրամասներ։

Կարևորելով Համահայկական խաղերի նշանակությունն ու բացման արարողությունն առանց թերացումների կազմակերպումը՝ Շիրակի մարզպետը նշել է, որ մարզպետի աշխատակազմում արդեն հստակեցված է այն աշխատանքային խումբը, որն անմիջականորեն զբաղվելու է կազմակերպչական պրոցեսով․

«Համահայկական խաղերը Շիրակի մարզի, մասնավորապես, Գյումրու համար մեծ իրադարձություն են, վստահ եմ՝ ամառային խաղերի բացման արարողությունը կդառնա իրական տոն բոլորի համար, իսկ դրա համար պետք է բոլոր պատասխանատու կառույցների համագործակցված աշխատանք և պատասխանատու մոտեցում։ Հազարավոր մեր հայրենակիցներ աշխարհի տարբեր երկրներից կժամանեն Գյումրի և մենք ամենայն պատասխանատվությամբ ու ոգևորությամբ պետք է պատրաստվենք»։

Առաջիկայում մարզում կտեղադրվեն Համահայկական ամառային 8-րդ խաղերի սոցիալական-գովազդային 15 պաստառներ, որից 10-ը Գյումրիում, մեկական պաստառներ էլ՝ Արթիկում, Անիում, Ախուրյանում, Աշոցքում, Ամասիայում։

Համահայկական ամառային 8-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 19-ը մարզաձևերի մրցումներից՝ Շիրակի մարզի համայնքների թիմերը կմասնակցեն 17-ին։

 

Նմանատիպ նյութեր