211652_close_icon
views-count1156 դիտում article-date 09:21 20-07-2023

Ղրիմի կամուրջն ու պուտինյան կեղծարարությունը․ «Ամերիկայի ձայն»

Հարվածը Ղրիմի կամրջին ևս մեկ անգամ վկայում է Ուկրաինայի զինված ուժերի հնարավորությունների ընդլայնման և ռուսական կողմում գտնվող ուղիների խոցելիության մասին։ Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Ղրիմի (Կերչի) կամրջի վրա տրանսպորտային միջոցների երթևեկությունը մասամբ վերականգնվել է, սակայն Ռուսաստանի բռնակցած թերակղզու կողմից՝ կամրջի մուտքի մոտ, մի քանի կիլոմետրանոց խցանում է՝ հուլիսի 18-ին հայտնել են տեղական լրատվամիջոցները և սոցցանցերը։

Ըստ լրատվամիջոցների, նախօերին՝ ուկրաինական անօդաչուների գիշերային հարձակման հետևանքով կամրջի ճյուղերից մեկը գրեթե ամբողջովին է ավերվել, մյուսը՝ մասնակի։

Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինի խոսքով, Ղրիմը Ռուսաստանին կապող կամրջի վրա ամբողջական երթևեկությունը նախատեսվում է վերականգնել նոյեմբերին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլի համար տրանսպորտային այդ կարևոր ուղու վրա հարձակումը անվանել է «ահաբեկչություն» և խոստացել է պատասխանել՝ մանրամասնելով, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը «արդեն առաջարկներ է պատրաստում»։

Ուկրաինայի իշխանություններն իրենց լիարժեք իրավունք են վերապահում պատերազմի պայմաններում և միջազգային չափանիշներին համապատասխան՝ հարվածել թշնամու նյութատեխնիկական ապահովման օբյեկտներին։

Առանց ուկրաինական կողմի համաձայնության և միջազգային պայմանագրերի խախտմամբ կառուցված Ղրիմի կամուրջը Մոսկվայի համար կարևոր տրանսպորտային կառույց է, որով ռուսական բանակի համար նախատեսված ռազմական մատակարարումներ են իրականացվում դեռևս 2014 թվականաին բռնակցված թերակղզի։

«Ցանկացած ապօրինի կառույց, որն օգտագործվում է ռուսական [զինուժին] սպառազինություն մատակարարելու նպատակով՝ զանգվածային սպանությունների համար, հայտնի է՝ կարճատև կյանք է ունենալու»,- նշել է է Ուկրաինայի նախագահի օգնական Միխայլո Պոդոլյակը:

Հարվածները Ղրիմի կամրջին, ըստ էության, համահունչ են Ուկրաինայի զինուժի հրամանատար Վալերի Զալուժնիի հայտնի հայտարարությանը, թե «մենք կհարվածենք հակառակորդին, որտեղ ցանկանանք, և կշարունակենք [ջանքերը] վերադարձնելու Ղրիմը՝ անկախ ամեն ինչից»,- «Ամերիկայի Ձայն»-ի ռուսական ծառայությանն ասել է «Երրորդ հատված» վերլուծական կենտրոնի տնօրեն Անդրեյ Զոլոտարևը՝ հավելելով, որ նման քայլով Կիևը ցույց տվեց, որ հակառակորդի ռազմական օբյեկտները ամենուր հասանելի են։

«Հատկանշական է, որ որոշ ծայրահեղ հայրենասեր բլոգերներ անմիջապես կենտրոնացան առաջնորդի՝ [Պուտինի] «թուլության» և «անպիտան լինելու» վրա։ Դրանք հարվածներ են Պուտինի իմիջին»:

Ուկրաինական անօդաչուների հաջողությունը նաև ցույց տվեց, որ Կիևի հետախուզական ծառայությունները պարապ չեն նստել՝ փնտրելով և գտնելով խոցելի կետեր Ռուսաստանի պաշտպանության համակարգում՝ նշում է Անդրեյ Զոլոտովը և հավելում․ «Ոչ ոք չի կարող երաշխավորել, որ Ուկրաինան չի ցանկանա կրկնել նման գործողություն։ Կարծում եմ, որոշ ժամանակ անց շարունակություն կլինի։ Համենայնդեպս, նման փորձեր անպայման կլինեն»։

Ըստ վերլուծաբանի, ինչ վերաբերում է Ռուսաստանի պատասխան քայլերին՝ ինչպես սպառնաց Պուտինը, ապա ոչ ոք չէր երկմտում, թե ինչ բնույթի են լինելու։

«Երկուշաբթի օրը, ինչպես և սպասվում էր, տեղի ունեցավ ուկրաինական նավահանգիստների հերթական զանգվածային հրթիռակոծումը։ Բարեբախտաբար, Օդեսայում հակաօդային պաշտպանությունը հաջող աշխատեց, և գրեթե բոլոր թևավոր հրթիռները և «Շահեդների» մեծ մասը խոցվեցին։ Ուստի, «պատժիչ հարվածները», ինչպես այն կոչում են ռուսական լրատվամիջոցներում, պարզվեց՝ ոչինչ են»,- եզրափակեց Զոլոտովը։

Ուկրաինայի հասցեին Պուտինի սպառնալիքները պատասխան են ոչ միայն Ղրիմի կամրջին հասցված հերթական լուրջ հարվածին, այլև՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և այնտեղ հնչած հայտարարություններին՝ կարծում է քաղաքագետ Գրիգորի Ամնուելը, ում խոսքով, կամրջին իրենց հարվածներով ուկրաինացիները հասել են առավելագույն արդյունքի։

«Կիևը, կարծես, առաջին հերթին գաղափարական և քարոզչական խնդիր է լուծում»,- մանրամասնել է «Ամերիկայի Ձայնի» զրուցակիցը․ «Ուկրաինան հստակեցրել է իր դիրքորոշումը՝ զենք կօգտագործենք այն տարածքի նկատմամբ, որը de jure համարվում է ուկրաինական՝ պաշտպանելով ձեր և մեր ազատությունը։ Մոտավորապես, այդպիսի բառեր պետք է գրվեն անօդաչուների վրա»։

Ռուսաստանյան պետական քարոզչամեքենան Ղրիմի կամուրջը ներկայացնում էր որպես անխոցելի մի օբյեկտ, որպես երկրի ամենաանվտանգ կառույց՝ նշում է Ամնուելը․ «Բոլորն արդեն համոզվեցին, որ ամենևին էլ այդպես չէ, երբ կամրջի վրա պայթեց պայթուցիկով լի ավտոմեքենան [2022 թվականի հոկտեմբերին]: Եվ այժմ կրկին՝ երկու անօդաչու՝ մեկի փոխարեն։ Իսկ այն, որ այդ անօդաչուները կամրջին հարվածել են եղանակային վատ պայմաննեչրում, շատ բան է նշանակում և վկայում է հեռահար հարվածներ հասցնելու Ուկրաինայի աճող հնարավորությունների մասին։ Հասկանալի է, սա մասամբ փորձնական գործողություն էր: Այժմ, ոչ ոք չի կարող բացառել, որ նոր հարվածներ չեն լինի, և, ամենայն հավանականությամբ, շատ ավելի հզոր»,- եզրափակեց քաղաքագետը։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր