211652_close_icon
views-count4261 դիտում article-date 11:07 20-08-2023

Երեւանի ավագանու ընտրությունը հնարավորություն է ինչ որ չափով զսպումների եւ հակակշիռների համակարգ ստեղծելու․ «Առերեսում»․ aravot.am

«Եթե մնում է այս իշխանությունն՝ այն որդեգրել է Երեւան քաղաքի հանդեպ նեոլիբերալ՝ ինչպես հիմա ընդունված է ասել, ամբողջովին ազատական՝ վատ առումով, մի քաղաքականություն, ըստ որի՝ ամեն ինչ, ինչ հնարավոր է վաճառել՝ պետք է վաճառել։ Աննախադեպ քանակությամբ շինթույլտվություններ են տվել․․․ Շարունակվելու է այդ գիծը»,– ասաց «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ Երևանի ժառանգության պաշտպանության կոմիտեի ներկայացուցիչ Իզաբելլա Սարգսյանը։

Հաղորդման մյուս հյուրը՝ ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանը, մեկնաբանելով «GALLUP International Association»-ի հետազոտության տվյալները, որի՝ «Ձեզ համար Երեւանի քաղաքապետի պաշտոնը քաղաքակա՞ն պաշտոն է, թե՞ Երեւանի կառավարչի պաշտոն» հարցին ի պատասխան՝ հարցվածների 48.5%-ը նշել է՝ կառավարչի, 41.5%-ը՝ քաղաքական պաշտոն, ասաց․ «Պետք է աշխատանք տարվի այդ ուղղությամբ, որ ներկայացվի, թե ինչ դեր կարող է ունենալ Երեւանի քաղաքապետը։ Քանի որ Երեւանի քաղաքապետերը վերջին գոնե 10 տարիների ընթացքում՝ չնչին բացառություններով (Կարեն Կարապետյանի ժամանակ ու սկզբնապես, շատ քիչ նաեւ Հայկ Մարությանի դեպքում) ԺԷԿ–ի (ռուս․՝ ЖЭК՝ Жилищно-эксплуатационная контора՝ բնակարանային շահագործման տեղամաս․– Ա․ Ի․) վարիչի դերում հանդես եկող քաղաքապետեր ենք ունեցել։ Եվ նրանք հիմնականում սահմանափակվել են կանաչապատման ու տանիք նորոգելու հարցերով, ու որեւէ մեկը հիմնարար փոփոխություններ անելու խնդիր չի դրել իր առջեւ ու չի էլ լինելու հիմա, քանի որ արդեն տեսնում ենք, թե Հայկ Մարությանից հետո Երեւանի քաղաքապետարանում ինչ է կատարվում։ Շարունակվում է այն, ինչ եղել է նախկինում՝ համայնքային գումարները վատնվում են պոպուլիստական ինչ որ քայլերի համար, գործողություններ են արվում, որ ընդհանրապես քաղաքային գործառույթ չեն, բայց ծախսվում են այդ գումարները»։ Ավելի ուշ՝ որպես դրա մի օրինակ նշեց բակերի բարեկարգումը, որը պետք է համատիրությունների խնդիրը լիներ՝ ոչ համայնքի։

Իզաբելլա Սարգսյանը համառոտ ձեւակերպեց խնդիրը․ «Մեջբերում եմ՝ «Սերժ Սարգսյանի հագով կարած կոստյումն» ամբողջովին, բոլոր լիազորություններով, բոլոր պատկան մարմիններով՝ այսօր իշխանական ուժի հագին է։ Հիմա Երեւան ընտրությունները հնարավորություն են քաղաքում ինչ որ չափով զսպումների եւ հակակշիռների համակարգ ստեղծելու։ Ինչո՞ւ են մարդիկ այդ հարցումներում ասում, թե հիմնական հարցն աղբահանությունն է, տրանսպորտը եւ այլն։ Որովհետեւ ընդհանուր տեղեկատվական ֆոնը, ընդհանուր քարոզչությունը, որ տարվում է տարբեր տեղերից՝ ընտրողին դաստիարակում ու դնում է այդ պարադիգմի մեջ․․․ Ես եկել եմ այստեղ հենց սա ասելու համար՝ սա քաղաքական գործընթաց է։ Եթե մենք ուզում ենք, որ ոչ միայն Երեւանում, այլ երկրում լինի զսպումների եւ հակակշիռների մեխանիզմ՝ շատ կարեւոր է, շատ լավ ու բարեհաջող կլիներ ողջ երկրի համար, եթե Երեւանի քաղաքապետը եւ ավագանին լիներ այլ քաղաքական ուժից կամ ուժերի դաշինքից»։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր