211652_close_icon
views-count1342 դիտում article-date 23:00 01-09-2023

Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հոկտեմբերին չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին․ Շվեդիայի ԱԳՆ ղեկավար

Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրոմը հույս է հայտնել, որ Թուրքիան հավանություն կտա ՆԱՏՕ-ին իր երկրի անդամակցությանը։ Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Ոչ մի նշան չկա, որ Թուրքիան հոկտեմբերին չի վավերացնի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Շվեդիայի կառավարությունն ամառվա ընթացքում որևէ ազդանշան չի ստացել, բացառությամբ, որ այն ժամանակ սահմանված պայմանները և Վիլնյուսում արված հայտարարությունը դեռևս գործում են»,- ասել է Բիլստրոմը։

Շվեդիան ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ է ներկայացրել անցյալ տարի, և դաշինքի անդամներից շատերն արագորեն հավանություն են տվել այս դիմումին։

Թուրքիան, սակայն, հավանություն չի տվել Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն՝ պատճառաբանելով նրա մտահոգությունները անվտանգության ոլորտում համագործակցության վերաբերյալ՝ մասնավորապես «PKK անդամների» արտահանձման հարցը, որն առաջ է քաշում Թուրքիան։ 

Նախագահ Թայիփ Էրդողանը նշել է, որ հուլիսին Վիլնյուսում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումը կուղարկի Թուրքիայի Ազգային մեծ ժողով, որը կրկին կգումարվի հոկտեմբերին՝ ամառային արձակուրդից հետո։ Բայց նույնիսկ այդ դեպքում երաշխիք չկա, որ Շվեդիան կստանա «կանաչ լույս»:

Վերջին շրջանում Թուրքիայի և Շվեդիայի հարաբերությունները կրկին լարվել էին Ղուրանի հրապարակայնորեն վառելու դեպքերի պատճառով։

Նմանատիպ նյութեր