211652_close_icon
views-count5680 դիտում article-date 18:43 03-10-2023

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարան-90. «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման դասընթացը մեկնարկում է

Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի 90-ամյակի շրջանակում՝ հոկտեմբերի 4-6-ը կանցկացվի «Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստման  եռօրյա դասընթացը:

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 10:00-ին, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կմեկնարկի եռօրյա վերապատրաստման դասընթացը, որը կվարի Իրանի Մանկապատանեկան գրականության հետազոտական ինստիտուտի տնօրեն, հետազոտող-դասախոս, ոլորտի հեղինակավոր և փորձառու մասնագետ Զոհրե Ղայենին:

ՀՀ գրադարանավարների, մանկապատանեկան գրականության ոլորտի ներկայացուցիչների համար իրականացվող նախադեպը չունեցող վերապատրաստման այս դասընթացը միտված է  ոլորտի մասնագետների նոր գիտելիքների, հմտությունների, կարողությունների զարգացմանն ու շարունակական կրթության ապահովմանը:

Հեղինակավոր փորձագետ Զոհրե Ղայենին դասընթացի շրջանակում կներկայացնի ժամանակակից գրական տարածքների, գրադարանային համակարգերի, ոլորտի մասնագետների, երեխաների հետ աշխատանքի և համագործակցության 21-րդ դարի արդի միտումները, մարտահրավերներն ու գործիքակազմը: Մասնավորապես կներկայացվեն կարևորագույն մի շարք թեմաներ.

Ø  Ո՞րն է մանկական գրադարանների գրադարանավարի դերը 21-րդ դարում

Ø  Ինչպե՞ս գրադարանը վերածել գրական և գեղարվեստական հաստատության

Ø  Ի՞նչ է Urie Bronfenbrenner համակարգը և որտեղ են գտնվում գրադարաններն այս համակարգում

Ø  Ո՞րն է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գրագիտության նորագույն սահմանումը

Ø  Որո՞նք են «Կանաչ» մանկական գրադարանները

Ø  Ի՞նչ է բիբլիոթերապիան և ինչպե՞ս գրադարանավարները կարող են օգնել երեխաներին հոգեբանական տրավմայի ժամանակ

Ø Դասընթացի մասնակիցները կծանոթանան IFLA մանկական գրադարանների ռազմավարական փաստաթղթին և դասընթացի ընթացքում կստեղծեն իրենց գրադարանի համար նման փաստաթուղթ

Տեղեկացնենք, որ Զոհրե Ղայենին առաջադրվել է Աստրիդ Լինդգրենի անվան մրցանակի, եղել է մանկապատանեկան գրականության ոլորտում հեղինակավոր Հանս Քրիստիան Անդերսենի անվան մրցանակի ժյուրիի նախագահ:  Մանկապատանեկան գրականության ոլորտի անվանի մասնագետն իր հեղինակած «Կարդա ինձ հետ» ծրագրի համար արժանացել է «IBBY Asahi reading promotion award»-ին:

Նշենք, որ եռօրյա վերապատրաստման դասընթացի ավարտին մասնակիցներին կտրվի միջազգային որակավորման վկայական:

«Երեխայի ընթերցող դառնալու իրավունքի պաշտպանները» խորագրով վերապատրաստաման դասընթացն իրականացվում է IBBY Արմենիա ՀԿ (Մանկապատանեկան գրքի միջազգային կոմիտեի հայաստանյան մասնաճյուղ) Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի և Հայկական գրադարանային ասոցիացիայի համագործակցությամբ,  IBBY International-ի ու IBBY Yamada հիմնադրամի աջակցությամբ: Ծրագիրն անցկացվում է  Գրադարանավարի օրվան ընդառաջ: 

Նմանատիպ նյութեր