211652_close_icon
views-count2047 դիտում article-date 17:36 13-10-2023

Ինչպե՞ս է կալանքից ազատվել «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահի կինը Ավինյանին քվորում ապահովելուց 3 օր առաջ. Aravot.am

«Դատարանի կողմից կալանքի ժամկետի երկարացումը մերժվել է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպես է բացատրում Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային Ձայն» կուսակցության խորհրդի նախագահ Արտակ Գալստյանի կնոջ կալանքից ազատվելու հանգամանքը փաստաբան Հայկ Սարգսյանը:

Արտակ Գալստյանի կնոջ՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության գործով անցնող Վեներա Գալստյանի կալանքից ազատվելու որոշումը դատարանը կայացրել է հոկտեմբերի 7-ին, «Հանրային Ձայնի»՝ ՔՊ քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանին քվորում ապահովելուց երեք օր առաջ, ինչի համար էլ Վեներա Գալստյանի ազատ արձակվելը կապում են ՔՊ- «Հանրային Ձայն» կուլիսային պայմանավորվածությունների ու գործարքների հետ:

«Ես մեկը մյուսի հետ բացարձակ չէի կապի: Ես գտնում եմ՝ իմ պաշտպանյալն ի սկզբանե ապօրինի էր կալանքի տակ, իր հետ բացարձակ կապ չունեցող քրեական գործով: Այդ քրեական գործով այդ մարդը 4 ամիս գտնվեց կալանքի տակ: Բնական է, որ մի օր, վերջիվերջո, պետք է բաց թողնեին: Որովհետեւ 4 ամսվա ընթացքում Վեներա Գալստյանի հետ առհասարակ քննչական գործողություն էլ չի կատարվել: Իր հետագա կալանքի անհրաժեշտությունը դատարանը գտավ, որ չկա: Վեներա Գալստյանն ավելի շուտ է ազատ արձակվել, քան քաղաքապետի ընտրությունն է եղել, դրա համար մեկը մյուսի հետ բացարձակ կապ չունի»,- ասաց փաստաբանը:

Հայկ Սարգսյանի խոսքով, քրեական վարույթում չկան ցուցմունքներ իր պաշտպանյալի դեմ, մեղադրանքի չկան գաղտնալսումներ, իսկ թե մեղադրանքը վարույթ իրականացնող մարմինն ինչով է հիմնավորել, փաստաբանն ասաց՝ նախաքննության շահերից ելնելով՝ մանրամասներ չի կարող հայտնել:

«Առավոտը» Հայկ Սարգսյանից հետաքրքրվել է՝ եթե մեղադրանքն անհիմն է համարում, կալանքը՝ ապօրինի, ինչով է պայմանավորում Վեներա Գալստյանի դեմ հարուցված քրեական հետապնդումը, ամուսնու գործունեության հետ կապ ունի՞, ի պատասխան ասաց. «Չեմ կարող ասել՝ ինչի հետ է կապված: Նախաքննական մարմինն ինչ-որ բան է տեսել, դրանով մեղադրանք է առաջադրել: Որդին էլ է այդ նույն քրեական գործով անցնում»:  
 

Նմանատիպ նյութեր