211652_close_icon
views-count1186 դիտում article-date 15:39 17-10-2023

Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` նոր պատերազմ հրահրելու, ՀՀ նորանոր տարածքներ օկուպացնելու համար. Փաշինյան. News.am

Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Ստարսբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Գրանադայի հայտարարության մեջ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հսնելու համար սահմանների սահմանագծման թեմային:

Նա մեջբերեց Գրանադայի հայտարարությունից այդ հատվածը. «Նրանք ընդգծել են սահմանների սահմանազատման ուղղությամբ աշխատելու հրատապ անհրաժեշտությունը՝ հիմնվելով կողմերին տրամադրված ԽՍՀՄ Գլխավոր շտաբի վերջին քարտեզների վրա, որոնք պետք է նաև հիմք հանդիսանան ուժերի հետքաշման, խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու և հումանիտար բոլոր խնդիրների լուծման համար» (մեջբերման ավարտ)։

«Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով Շառլ Միշելն իր  հայտարարության մեջ արտահայտել է այսպես (մեջբերում եմ). «Երկու առաջնորդները վերահաստատել են աներկբա նվիրվածությունը 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին որպես սահմանների դելիմիտացիայի քաղաքական շրջանակ» (մեջբերման ավարտ):

Այս նույն սկզբունքը 2022 թվականի հոկտեմբերի 6-ի Պրահայի քառակողմ հանդիպման արդյունքներով արձանագրվել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ).  «Հայաստանն ու Ադրբեջանը հաստատեցին իրենց հանձնառությունը ՄԱԿ-ի կանոնադրությանը և 1991թ. Ալմաթիի Հռչակագրին, որոնց միջոցով երկու կողմերն էլ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Նրանք հաստատեցին, որ դա հիմք կհանդիսանա սահմանազատման հարցերով հանձնաժողովների աշխատանքների համար» (մեջբերման ավարտ):

Այս սկզբունքի մասին պետք է իմանաք հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ալմաթիի հռչակագիրը ստորագրել են Խորհրդային Միության 12 հանրապետությունները` 1991 թվականի դեկտեմբերի 21-ին: Այդ հռչակագիրըքննարկվող հարցի համատեքստում արել է հետեւյալ երկու կարեւոր արձանագրումները.
Խորհրդային միությունը դադարում է գոյություն ունենալ:

Հանրապետությունները ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, գոյություն ունեցող, այսինքն՝ վարչական սահմանների անխախտելիությունը եւ հետեւաբար Խորհրդային միության հանրապետությունների միջեւ գոյություն ունեցած վարչական սահմանները դառնում են պետական սահմաններ:

Ադրբեջանը հայտարարում է, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահման չկա, ինչը հակասում է Ալմաթիի հռչակագրին եւ վերը նշված պայմանավորվածություններին: Ադրբեջանը նաեւ երկիմաստություններ է պահում Խորհրդային Միության վերջին քարտեզները որպես դելիմիտացիայի հիմք ընդունելու հարցում, ինչը նույնպես որոշ փորձագետների հիմք է տալիս ենթադրելու, թե Ադրբեջանը Հայաստանի դեմ տարածքային պահանջներ ներկայացնելու եւ նոր ռազմական ագրեսիա նախաձեռնելու հիմքեր է ստեղծում»,- հայտարարեց Փաշինյնը:
Նա ընդգծեց, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության եւ հարաբերությունների կարգավորման հաջորդ սկզբունքը Գրանադայի հայտարարության մեջ արտահայտված է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Նրանք նաև երկրների ինքնիշխանության և իրավազորության լիակատար հարգման, ինչպես նաև հավասարության և փոխադարձության սկզբունքների վրա հիմնված տարածաշրջանային կապերի բացման կոչ են արել» (մեջբերման ավարտ)։

Այս սկզբունքը ս/թ հուլիսի 15-ին Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի եւ իմ մասնակցությամբ տեղի ունեցած եռակողմ հանդիպման արդյունքներով ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելն իր  հայտարարության մեջ արտահայտել է հետեւյալ կերպ (մեջբերում եմ). «Մենք (այսինքն՝ ԵՄ խորհրդի նախագահը, Ադրբեջանի նախագահը եւ ես) քննարկեցինք ապագա տրանսպորտային համաձայնեցումների կարգավորումները, որոնք կհարգեն ինքնիշխանության, իրավազորության եւ փոխադարձության սկզբունքը» (մեջբերման ավարտ):

Այս սկզբունքի մասին անհրաժեշտ է իմանալ հետեւյալ լրացուցիչ տեղեկատվությունը: Ադրբեջանը շարունակաբար պնդում է, թե Հայաստանը պարտավոր է սեփական տարածքով միջանցք տալ Ադրբեջանին: Միջազգային առօրյա խոսույթում ձեզ ծանոթ բառապաշարով միջանցք ասելով հասկանում են պարզապես միջպետական ճանապարհներ: Բայց մեր տարածաշրջանի պարագայում կա մի առանձնահատկություն: 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ միջանցք բառն օգտագործվում է միայն Լաչինի միջանցքի պարագայում, որը պետք է ապահովեր Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի կապը: Առանձնահատկությունն այն է, որ ըստ այդ փաստաթղթի, Լաչինի միջանցքը ոչ միայն ճանապարհ է, այլեւ 5 կիլոմետր լայնությամբ տարածքային շերտ, որը պետք է լիներ Ադրբեջանի վերահսկողությունից դուրս, խաղաղապահների վերահսկողության ներքո: Հետեւաբար այս կոնտեքստում, միջանցք բառն ունի արտատարածքային շերտի իմաստ:

Հայաստանի Հանրապետությունը երբեք, ոչ մի տեղ, իր որեւէ տարածքի նկատմամբ իր ինքնիշխանության եւ իրավազորության որեւէ սահմանափակման չի համաձայնվել, նման խոստում չի տվել: Հետեւաբար՝ ի՞նչ է նշանակում վերը մեջբերված սկզբունքը:

Նշանակում է մի պարզ բան. Հայաստանը եւ Ադրբեջանն իրենց սուվերենության, իրավազորության հիման վրա, առանց վերոհիշյալ միջանցքային խոսակցությունների միմյանց համար պետք է բացեն իրենց ճանապարհները: Այդ ճանապարհների անցագրային կետերում պետք է գործեն սահմանայինեւ այլ վերաբերելի հսկողական ծառայություններ` երկրների իրավազորության, սուվերենության, օրենսդրության հիման վրա:
Սա պետք է արվի փոխադարձության եւ հավասարության սկզբունքով եւ մենք պատրաստ ենք օր առաջ գնալ այդպիսի լուծումների, պատրաստ ենք վերականգնել Մեղրի երկաթուղին, որը Հայաստանի հարավով կկապի ոչ միայն Ադրբեջանը եւ Հայաստանը, այլեւ Հայաստանի հարավային շրջանները հյուսիս-արեւմտյան շրջանների հետ, Ադրբեջանի հարավ-արեւմտյան շրջանները` Նախիջեւանի ինքնավար հանրապետության հետ, հետագա շարունակությամբ Հայաստանը Թուրքիայի հետ, Ադրբեջանը Թուրքիայի հետ, Վրաստանը, Ադրբեջանը, Հայաստանը՝ Իրանի Իսլամական Հանրապետության հետ,արեւելքը-արեւմուտքի հետ՝ Կասպից ծովից մինչեւ Միջերկրական, հյուսիսը-հարավի հետ՝ Ծոցից մինչեւ Սեւ ծով:

Հայաստանում այս նախագիծն անվանում ենք Հայկական Խաչմերուկ: Բայց կարծում եմ այս նախագիծն ավելի տարածաշրջանացնելու, ռեբրենդինգի ենթարկելու,  եւ այստեղ Եվրոպական խորհրդարանի բարձր ամբիոնից Խաղաղության խաչմերուկ անվանելու ժամանակն է եւ այս անունը նույնքան կարեւոր եւ ընդունելի է մեզ համար:

Նույն տրամաբանությամբ մենք պատրաստ ենք ավտոճանապարհների բացմանը նույնպես: Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքում ապահովել բեռների, տրանսպորտային միջոցների, մարդկանց, խողովակաշարերի, էլեկտրական գծերի անվտանգությունը, որովհետեւ խաղաղության խաչմերուկը ենթադրում է այդ թվում խողովակաշարերի եւ էլեկտրագծերի անցում:

Նման լուծումները շատ կարեւոր են նաեւ Հայաստանի Հանրապետության համար, որովհետեւ մեր երկիրն արդեն 30 տարի շրջափակման մեջ է Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից:

Ինչպես տեսնում եք, Հայաստանին տարածաշրջանի տրանսպորտային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որեւէ հիմք չկա եւ կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է` տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նորանոր տարածքներ օկուպացնելու, կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար:

Նման բան թույլ տալ չի կարելի: Ինչպես տեսաք, վերը բերված բոլոր սկզբունքները մշակվել եւ համաձայնեցվել են ԵՄ խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի մասնակցությամբ եւ մենք պատրաստ ենք այդ պայմանավորվածությունները կյանքի կոչել»,- ասաց ՀՀ վարչապետը:

Նմանատիպ նյութեր