211652_close_icon

Դատարանը վարույթ չի ընդունում Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամներին վերաբերող դատախազության հայցադիմումները. Hetq.am

views-count1252 դիտում article-date 14:11 25-10-2023
Վարչական դատարանն իրար հետևից վերադարձնում կամ վարույթ չի ընդունում Գլխավոր դատախազության՝ ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի անդամների անունով գրանցված հողատարածքների ձեռքբերման օրինականությանը վերաբերող հայցադիմումները:

«Հետքը» գրել էր, որ Գլխավոր դատախազությունը Արտաշատ խոշորացված համայնքի ղեկավարի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը:

Մխչյան համայնքի ղեկավարի 24.09.2004թ. թիվ 87/3 որոշումով 9 հա հող է վաճառվել Արգամ Աբրահամյանին: Գլխավոր դատախազությունը պահանջում է վերացնել այդ որոշումը և հետևանքներն անվավեր ճանաչել: Գլխավոր դատախազության հայցադիմումը վարչական դատարանը վարույթ չի ընդունել և բաց թողած ժամկետը հարգելի չի ճանաչել:

Նույնը վերաբերում է թիվ 87/5 որոշումը վերացնելու և հետևանքներն անվավեր ճանաչելու դատախազության պահանջին: Այս դեպքում Արգամ Աբրահամյանին օտարվել է 8.9 հա հողատարածք: Այս հայցադիմումը վարչական դատարանը նույնպես վարույթ չի ընդունել:

Նարեկ համայնքի ղեկավարի 30․10․2001թ. որոշումն անվավեր ճանաչելու մասին հայցադիմումի ընդունումը ևս մերժվել է: Ըստ այդ որոշման՝ Նարեկ համայնքի ղեկավարը Արտաշատի «Վինկո» ՓԲԸ-ին վաճառել է 120 հա հողամաս:

Նշենք, որ «Արտաշատ Վինկոնի» հիմնադիրը եղել է «Հովհաննես-Ջ» ՓԲԸ-ն, որը պատկանել է Արգամի հորեղբորն ու հորեղբոր որդուն՝ Հենրիկ եւ Արմեն Աբրահամյաններին: Վերջինս 2000թ. դուրս է եկել «Արտաշատ Վինկոն» ՓԲԸ-ից, իսկ 2012թ. նաեւ Հենրիկ Աբրահամյանն է լքել, փոխարենը վերջինիս որդու՝ Հովհաննես Աբրահամյանի հետ 2012թ. հուլիսից ընկերության բաժնետեր է դարձել Արգամ Աբրահամյանը:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր