211652_close_icon
views-count146454 դիտում article-date 14:50 12-11-2023

ՀՀ Ներքին գործերի նախարարի, ՀՀ Ոստիկանության պետի բարկությունն ու ՊԾ պետի խիստ հանձնարարականը տվեցին իրենց արդյունքը․ «ուղեղից թոփալ» «յաշիկավարները» չհասցրին հարսի պարը դիտել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ նոյեմբերի 11-ին, SHAMSHYAN.com-ը ֆոտոռեպորտաժ ու տեսանյութ էր հրապարակել, թե ինչպես էին 2 «յաշիկավարներ», իրենց վեր դասելով օրենքից, Երևան-Աշտարակ ավտոճանապարհին չարամտորեն խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի պատճառով երթևեկությունը գրեթե 1,5 կմ-ից ավելի կաթվածահար էր եղել։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից 10 րոպե չանցած՝ տեղեկացանք, որ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանի խիստ հանձնարարականով ՀՀ ՆԳՆ ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ, իրականացրել են «Ուղեղդ յաշիկ էլ կմնա» անունով օպերացիան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, պարեկների կողմից Արագածոտնի մարզի եկեղեցիներից մեկի բակում հայտնաբերվել են «վայ-յաշիկավարները», ովքեր ավտոմեքենաներով հանդերձ տեղափոխվել են Ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Վարորդները եղել են 30-ամյա Վաղարշակ Մխեյանը և 36-ամյա Միսակ Հակոբյանը։

Պարզվել է, որ նրանցից մեկի ավտոմեքենան չի ունեցել ԱՊՊԱ, մեքենաներից մեկն էլ վարձույթից վերցված է եղել․ վարորդներից մեկի վարորդական իրավունքը կասեցվել է։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով, նման դեպքերը կանխելու նպատակով ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ Ոստիկանության պետ, Ներքին գործերի նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն էլ խիստ հանձնարարականներ են տվել, որ հասարակության նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք կատարողների նկատմամբ օրենքի ողջ խստությամբ պարեկները գործողություններ իրականացնեն, այն է՝ ավտոմեքենաները տեղափոխվեն հատուկ պահպանվող տարածք։

Ինչպես ավելի ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, տևական ժամանակ է` Հայաստանում կարծես թե դադարել էր ժողովրդի լեզվով ասած` «հաբրգած» «ուղեղներից թոփալ» որոշ վարորդների կողմից ճանապարհային երթևեկության կանոնների այսպիսի կոպիտ խախտումներ կատարելը: 

Նոյեմբերի 11-ին Երևան-Աշտարակ ավտոճանապարհին  ժողովրդին հայտնի «Աշտարակի գայի պոստից» դեպի Աշտարակ ավտոճանապարհին առաջացել էր 1.5 կիլոմետրանոց խցանում: 

Տպավորություն էր, որ գուցե հերթական ճանապարհատրանսպորտային պատահարն է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: 

Տեղում պարզվեց, որ 2 Mercedes G մակնիշի ավտոմեքենայի վարորդներ, արհամարհելով ճանապարհային երթևեկության կանոնների պահպանումը, ինչու չէ` նաև վստահ լինելով իրենց անպատժելիության վրա, որ ոնց ուզեն, կվարեն ավտոմեքենաները, վարում էին ամենալկտի խախտում կատարելով: 

Նրանց չէր հետաքրքրում այն հանգամանքը, որ քաղաքացիները, տեսնելով այդ ամենը, ամենավերջին խոսքերն էին ուղղում ոչ միայն իրենց հասցեին, այլ նաև` Արագածոտնի մարզի պարեկներին: 

Նման բարձիթողի և անպատժելիության մթնոլորտ չէր լինի, եթե ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները, գումարտակի հրամանատարի գլխավորությամբ` մատների արանքով չնայեին իրենց աշխատանքին:

Լուսանկարները և տեսանյութերը` Գագիկ Շամշյանի



 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր