211652_close_icon
views-count883 դիտում article-date 21:45 11-12-2023

Անահիտ Մանասյանը Նորապատ համայքնի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 11-ին Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված միջոցառումների շրջանակներում Արմավիրի մարզի Նորապատ համայքնի միջնակարգ դպրոցում հանդիպել է դպրոցականների հետ:

Միջոցառումը նախաձեռնել է «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը (ՔՈԱՖ): Ներկա են եղել Նորապատի, Այգևանի, Սարդարապատի դպրոցների սաները, Մեծամորի աշակերտական խորհրդի անդամները, Արմավիրի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Պաշտպանի և ՔՈԱՖ-ի ներկայացուցիչները, դպրոցի տնօրինությունն ու ուսուցչական կազմը:

Իր բացման խոսքում Անահիտ Մանասյանը շնորհավորել է դեկտեմբերի 10-ին նշվող Մարդու իրավունքների միջազգային օրվա և Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունման 75-ամյակի առթիվ:

Պաշտպանը նշել է, որ հռչակագիրը շրջադարձային փաստաթուղթ էր, որն առանձնահատուկ դերակատարություն ունեցավ արժանապատվության, հավասարության և իրավունքահեն արժեքների վրա կառուցված աշխարհակարգի ձևավորման ու զարգացման համար:

Դիմելով աշակերտներին՝ Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը և նշել, որ հենց այս հանդիպմամբ է սկսում Մարդու իրավունքների օրվան նվիրված արշավը։ Պաշտպանն ընդգծել է, որ նման հանդիպումների միջոցով հնարավորություն է ստեղծվում երեխաներից լսել իրենց հուզող հարցերը և անձամբ ներկայացնել երեխաների իրավունքների պաշտպանության ուղղությամբ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից իրականացվող աշխատանքները:

Հանդիպման ընթացքում երեխաներն իրենց հուզող հարցերն անմիջականորեն ուղղել են Պաշտպանին: Հարցերը վերաբերել են երեխաների, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված դպրոցականների իրավունքների պաշտպանությանը, բուլինգին, երեխաների նկատմամբ բռնության դրսևորումներին, կրթության իրավունքին, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքին և այլն։

Աշակերտներին ներկայացվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին դիմելու եղանակները:

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է յուրաքանչյուր մարդու անհատական դերակատարության կարևորությունը համերաշխ ու հանդուրժող հասարակություն կառուցելու տեսանկյունից։ Պաշտպանը ներկայացրել է նաև իրավունքահեն մոտեցումների նշանակությունն այնպիսի հասարակական միջավայրի կայացման հարցում, որտեղ մարդն է բարձրագույն արժեքը։

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել երեխաներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Նմանատիպ նյութեր